ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով վերջին շրջանում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը և սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության պարբերաբար գնդակոծությունը ավելորդ անգամ վկայում են, որ երկու հայկական պետականությունների ու հայ ժողովրդի գլխին շարունակում է դամոկլյան թրի պես կախված մնալ ադրբեջանական ռազմական ագրեսիայի վտանգը։ Ադրբեջանական կողմի շարունակական ու սանձարձակ ոտնձգությունները նպատակ ունեն ցույց տալու, որ այդ երկիրը թքած ունի միջազգային հանրության կարծիքի վրա և ոչ մի պարագայում չի գնա հակամարտության կարգավորմանը միտված քաղաքակիրթ երկխոսության։ Սա նշանակում է, որ մենք պատրանքներ չպիտի ունենանք հիմնախնդրի քաղաքակիրթ լուծման վերաբերյալ և մեր մոտակա ու հեռագնա մարտավարությունն ու ռազմավարությունը մշակենք այս իրողության հաշվառումով։

Ադրբեջանական ռազմական ագրեսիան այն մարտահրավերն է, որին կարող ենք դիմակայել միայն համազգային միասնությամբ, մեր ունեցած մտավոր, նյութական, բարոյահոգեբանական ու հոգևոր բոլոր ռեսուրսների ներգրավմամբ։ Այդօրինակ և այլ մարտահրավերների դիմակայման ամենագործուն ու հուսալի երաշխիքը քաղաքակիրթ, ժողովրդավարական ու մրցունակ պետության առկայությունն է, պետություն, որն ապահովում է իր քաղաքացիների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը, պետություն, որտեղ կա սոցիալական արդարություն ու հավասար հնարավորություններ բոլոր ոլորտներում և որտեղ մարդ իրեն տեր է զգում։ Հենց նման պետությունը կարող է դառնալ համազգային միասնության նպատակն ու առանցքը։

Հայության համար բախտորոշ այս ժամանակներում բոլորին կոչ եմ անում մի կողմ դնել անձնական, խմբային-կլանային շահերը, միավորվել մեր վեհ նպատակի շուրջ և մտածել համախմբման ուղիների ու միջոցների մասին։

Տեսանյութեր

Լրահոս