Հայաստանն իր տրամադրության տակ ունի հարյուրավոր փաստեր՝ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների, կոնվենցիայի խախտման դեպքերի վերաբերյալ. «Փաստինֆո»
Ադրբեջանի կողմից հայկական զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաեւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի, խաղաղ բնակիչների վրա Ադրբեջանի բանակի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծությունների փաստերի առթիվ 2014 թվականի միայն երկրորդ կիսամյակում ՀՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել են 2 տասնյակից ավել քրեական գործ։
Խոսքը միայն Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքերի ուղղությամբ իրականացված դիվերսիոն գործողությունների կամ ուղղակի հարձակումների մասին չէ, որոնց հետեւանքով, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, հուլիսի 1-ից առ այսօր մահացել է 6 հայ զինծառայող, եւս 15-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հակառակորդն արդեն տեւական ժամանակ գնդակոծում է հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը՝ վնասելով գյուղացիների գույքը: Եվ միայն երջանիկ պատահականությամբ մարդկային զոհեր չեն արձանագրվել։ Արձակված կրակոցները դիպել են ինչպես գյուղապետարաններին, այլ նաեւ՝ գյուղացիներին պատկանող գույքին, շինություններին, անգամ հաց տեղափոխող ավտոմեքենային։
Ընդ որում, բոլոր այս դեպքերում հարուցվել են քրեական գործեր, որոնց քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ բնակավայրերի, խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակոցները եւս արձակվել են ադրբեջանական բանակի կողմից՝ կիրառելով նաեւ խոշոր չափի զինատեսակներ։
Քրեական գործերը հարուցվել են ոչ միայն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված հայ զինվորների դիտավորյալ սպանությունների, մարմնական վնասվածքներ պատճառելու, այլ նաեւ՝ իրականացված դիվերսիայի դեպքերի կապակցությամբ։
Խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածի մասին, որը վերաբերում է պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելուն` ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը:
«Փաստինֆո»-ի աղբյուրները փոխանցում են, որ հարուցված քրեական գործերով հիմնավորվել են Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի զանգվածային խախտման դեպքերը, ձեռք են բերվել բավարար ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից կոնվենցիայի հարյուրավոր խախտման փաստերի վերաբերյալ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: