Սաակաշվիլին շատ հիմարություններ է գործել. Նինո Բուրջանաձե
Lenta.ru-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ քրեական գործ հարուցելը և նրան հեռակա կարգով կալանքի տակ առնելը.
«Առաջին հերթին կցանկանայի ասել, որ Սաակաշվիլու դեմ հարուցված գործերը բավական ուշացել են: Ես բացարձակապես վստահ եմ դրանում, որ դա պետք էր անել այն ժամանակ, երբ Սաակաշվիլին Վրաստանում էր:
Անհրաժեշտ էր այն ժամանակ հարցեր ուղղել նրան: Իմանալով, թե որքան «քաջ» է նա, ես վստահեցնում եմ, որ նա կհայտնվեր շատ ծանր իրավիճակում: Նրա համար շատ դժվար կլիներ բազմաթիվ հարցերին պատասխանելը: Մինչդեռ այժմ նա արել է ամեն ինչ՝ ջնջելու համար իր մթագնված իմիջը. նա շրջում է տարբեր երկրներում և այնտեղից մեզ բարոյականության դասեր է կարդում:
Դա, դժբախտաբար, «Վրացական երազանքի» մեղավորությամբ է: Սակայն հուսով լինենք, որ դատախազությունը ներկայումս կլինի ավելի ադեկվատ և Սաակաշվիլու դեմ կներկայացնի բավական լուրջ փաստարկներ՝ թեև ես շատ լավատես չեմ այդ հարցում:
Քաղաքական կամքի առկայության դեպքում իսկապես կարելի է շատ լուրջ մեղադրանքներ ներկայացնել Սաակաշվիլու դեմ, և այդ դեպքում նրա համար բավական բարդ կլինի խուսափել պատժից: Սաակաշվիլին շատ հիմարություններ է գործել»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Վրաստանում ևս 6-7 նոր մեղադրանք են պատրաստում Սաակաշվիլու դեմ: