Փսակին սադրիչ է որակել ՌԴ-ի կողմից ամեն տիպի զորավարժություններ անցկացնելը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ սադրանք է որակել Ռուսաստանի զինված ուժերի կողմից ամեն տիպի զորավարժություններ անցկացնելը՝ անկախ նրանից, թե դրանք որքան հեռու են անցկացվում Ուկրաինայի հետ սահմանից:
Օգոստոսի 4-ին Փսակին հայտարարել էր, որ Վաշինգտոնը խորապես մտահոգ է Ռուսաստանի կողմից այս շաբաթ Ուկրաինային հարակից շրջաններում խոշոր զորավարժություններ պլանավորելու կապակցությամբ:
Սակայն ՌԴ ՊՆ-ը Փսակիին խորհուրդ էր տվել նման հայտարարություններ անելիս օգտվել աշխարհագրական ատլասից՝ ընդգծելով, որ զորավարժություններն անցկացվելու են Աստրախանի մարզի Աշուլուկ զորավարժարանում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 1000 կիլոմետր հեռավորության վրա:
Փսակին հայտարարել է, որ անկախ մեծ հեռավորությունից՝ սադրիչ է համարում նման զորավարժությունները: