Ռուսաստանը պատրաստ է ներխուժել Ուկրաինա. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գրեթե կրկնապատկել է Ուկրաինայի սահմանին տեղակայված իր գումարտակների թիվը և կարող է պատասխանել կիևյան կառավարության ուժերի հաջողությանը՝ ներխուժելով Ուկրաինա:
Թերթն այս հարցում վկայակոչում է արևմտյան պաշտոնատար անձանց, որոնց կարծիքով՝ Ռուսաստանը կարող է Ուկրաինա ներխուժել զգուշացումից հետո կամ էլ ընդհանրապես առանց դրա հայտարարման: Պարբերականն ընդգծում է, որ Կրեմլի մտադրությունները նախկինի նման պարզ չեն:
Թերթի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը կարող է լինել Ուկրաինայի ու ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելը, որպեսզի նրանք համաձայնվեն քաղաքական կարգավորմանը, որն Ուկրաինայի արևելյան շրջաններին տալ առավելագույն ինքնուրույնություն:
Սակայն արևմտյան պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, որ Պուտինը կարող է նաև իրականացնել ուղիղ ներխուժում, եթե ռուսամետ անջատողականներն Ուկրաինայում հայտնվեն պարտության շեմին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ուկրաինական կողմը հայտնել էր, որ ապրիլի 15-ից իրականացվող հակաահաբեկչական գործողության ընթացքում 3/4-ով կրճատվել են զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքները: