
Դոնբասում հակաահաբեկչական գործողության ժամանակ զինյալների վերահսկած տարածքները կրճատվել են 3/4-ով

ZN.UA-ի փոխանցմամբ` Դոնբասում հակաահաբեկչական գործողության ժամանակ Ուկրաինայի արևելքում գործող զինյալների վերահսկած տարածքները կրճատվել են 3/4-ով: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության նախարարությունը:
Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի մամլո քարտուղար Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության անցկացման ժամանակ տեղանքը, որը գրավվել էր զինյալների կողմից, նվազել է 3/4-ով, այսինքն 1/4-ը դեռ շարունակում է գտնվել նրանց ձեռքում:
Լիսենկոն ընդգծել է, որ զինյալներից այդ տարածքների ազատագրումն անհնար կլիներ առանց զենքի, զինամթերքի և առանց ուկրաինացիների աջակցության: Նա հիշեցրել է, որ ներկայումս ընթանում է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը և իրենց զենքն ու զինամթերքը կբավականացնեն, որպեսզի իրենք այն հասցնեն իր հաղթական ավարտին:
Սրանից առաջ Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Մուժենկոն հայտարարել էր, որ հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը կարող է ավարտվել մեկ ամսից ավելի շուտ: Դոնբասում հակաահաբեկչական գործողության մեկնարկը տրվել է այս տարվա ապրիլի 15-ին: