Լրատվամիջոցների բողոքի քննությունը՝ դռնփակ դատական նիստում

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ հետաձգվեց «Հրապարակ» օրաթերթի և «ilur.am» կայքի բողոքների քննությունը: Լրատվամիջոցները բողոքարկել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը լրատվամիջոցներին պարտավորեցնում է հրապարակել տեղեկատվության աղբյուրը: Երկու լրատվամիջոցներն էլ տեղեկատվություն էին հրապարակել այն մասին, որ ոստիկանության Շիրակի վարչության պետը բռնություն է կիրառել հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

Նշենք, որ դատական նիստն անցկացվում է դռնփակ կարգով, լրատվամիջոցներն ու այլ անձինք չեն կարող մասնակցել բողոքի քննությանը: Դատական նիստին չի մասնակցել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը, նա նյութի հեղինակն է:

Լրագրողը հայտնեց, որ դատարանն իրեն թույլ չի տվել մասնակցել դատական նիստին. «Դատավորը խնդրեց իմ վկայականը, տեսնելով, որ ես Հրապարակ օրաթերթի րագրողն եմ, հարցրեց՝ իսկ խմբագիրը լիազորե՞լ է Ձեզ ներկա լինելու: Ես ասացի՝ ոչ, հատուկ թուղթ չի տվել, և նա ասաց, որ ես ևս չեմ կարող ներկա լինել նիստին: Աղբյուրը բացահայտելու պահանջով առաջին որոշումը նույնպես մեր ներկայությամբ չի ընդունվել: Մենք նույնիսկ տեղյակ չէինք, որ նման դատական որոշում կա, և սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս ամբողջ քննությունը հատուկ մամուլի դեմ է արվում: Սա մարտահրավեր է մամուլին, սա ձեռնոց է՝ նետած մամուլին, և իսկզբանե պարզ է, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի մեզանից պաշտպանվեն»: Լրագրողն ասաց, որ նմանապիտ գործերը վերլուծելու դեպքում դատախազությունը կարող էր համոզվել, որ ոչ մի դեպքում լրագրողի բացատրությունը գործի քննությանը չի օգնել. «Կարծում եմ՝ այս դեպքում էլ նրանք վստահ են, որ քննությունը սրանից, այս աղբյուրի բացահայտումից չի շահելու: Սա արվում է զուտ լրագրողների աղբյուրները փակելու, լրագրողներից պաշտպանվելու, մեզ պաշտոնական աղբյուրների հույսին թողնելու համար, և դատարանի այսօրվա պահվածքն ապացուցում է, որ այդ ամենը ճիշտ է»:

Դատական նիստի ավարտից հետո «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասաց, որ դատական նիստի հենց սկզբում բարձրացրել են դատական նիստի հրապարակայնության հարցը. «Դատարանը հայտնեց, որ որոշում է կայացվել դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ: Մենք միջնորդեցինք, որպեսզի փոխի որոշումը և անցկացնի դռնբաց, միջնորդությունը մերժվեց առանց մյուս կողմի կարծիքը հարցնելու և լսելու, և դատարանը հայտարարեց, որ որոշումը ենթական է բողոքարկման՝ այն որոշումը, որով ընդունել էր վարույթ, նշանակել էր դատաքննություն դռնփակ ռեժիմով: Մենք պահանջեցինք, որպեսզի մեզ տրամադրվեն այդ որոշման օրինակները, որպեսզի մենք այն վիճարկենք»:

Ա. Զեյնալյանը հայտնեց, որ կվիճարկեն դատական նիստը դռփակ անցկացնելու որոշումը: Մեր հարցին՝ ինչու այն օրինական չէ, իրավապաշտպանը պատասխանեց. «Հրապարակային դատաքննության իրավունքը սահմանափակելու շրջանակները կանխորոշված են Սահմանադրությամբ, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և մենք չենք տեսնում, որ տեղավորվում է այդ շրջանակներում: Կարծում ենք, որ խախտվում է մեր վստահորդների հրապարակային դատաքննության իրավունքի սկզբունքը»:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին:

Տեսանյութեր

Լրահոս