«Մարզերում ունենք աղջիկներ, որ մարմնավաճառ չեն, բայց շեղված վարքագիծ ունեն». Նելլի Դուրյան
ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության երրորդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց 2014 թվականի առաջին կիսամյակում անչափահասների հետ կատարված աշխատանքները:
Նելլի Դուրյանի խոսքով` այս տարի գրանցվել է անչափահասների և նրանց կողմից կատարված հանցագործությունների թվաքանակի նվազում. «Եթե նախորդ տարվա վեց ամիսների ընթացքում ունեինք 212 հանցագործության դեպք, ապա այս տարի 180 է, այսինքն` դեպքերը նվազել են 32-ով: Առավել ուրախալի է այն, որ նվազել է հանցագործություն կատարած անչափահասների թվաքանակը. եթե նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում թվաքանակը եղել է 180, ապա այս տարի 160 է, այսինքն` 20 անձի նվազում է արձանագրվել: Ունենք գողության դեպքերի նվազում, թմրամիջոց օգտագործելու, խուլիգանության, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերի նվազում: Ուրախալի է հատկապես, որ, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս չունենք կրկնահանցագործ անչափահաս, այսինքն` նույն անչափահասները երկրորդ անգամ չեն կատարել հանցագործություն:
Սակայն ավելացել են անօրինական զենք կրելու դեպքերը: Նման դեպքերը կանխելու նպատակով կատարվում են ամենօրյա ստուգայցեր դպրոցներում ու հասարակական վայրերում: Ինչպես բոլոր տարիներին, այս տարի ևս առաջին տեղում գողություններն են, երկրորդ տեղում՝ մարմնական վնասվածք հասցնելու դեպքերն են: Մնացած հանցատեսակները բավականին քիչ են, գրեթե տոկոս չեն կազմում: Պետք է նշեմ, որ տեսակարար կշիռն էլ է նվազել. եթե նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների տեսակարար կշիռը կազմում էր 2,4%, ապա այս տարի 1,8% է»:
Նելլի Դուրյանի խոսքով` այս պահին անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում 10 անչափահաս. «Կարծում եմ` մեր պետությունն աշխարհում այն եզակիներից է, որտեղ նման մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերվում անչափահասների հիմնախնդիրների նկատմամբ:
Օրինակ, եթե տարվա կտրվածքով ունենում ենք 300-400 հանցագործության դեպք և հանցագործություն կատարած 200-300 անչափահաս, այսօր պատիժ է կրում 10 անչափահաս, որոնք կատարել են տարբեր հանցագործություններ: Բայց մենք ունենք անչափահասներ, որոնք ազատվել են քրեակատարողական հիմնարկում պատասխանատվություն կրելուց, սակայն պայմանական են դատապարտված: Նրանց թիվը շուրջ 350 է, և նրանց մեծ մասն այն անչափահասներն են, որոնք կատարել են տարբեր տիպի զանցանքներ, զբաղվել են մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ, չարամտորեն խորտակել են դասերը, և այլն»:
Նելլի Դուրյանն այս նվազումները բացատրեց մի քանի գործոնով. «Նախ` սա կատարված ամենօրյա բազմածավալ կանխարգելիչ աշխատանքների արդյունքն է, քանի որ մեր այսօրվա աշխատանքի մեխը հանդիսանում է կանխարգելումը: Ոստիկանության պետի պահանջն է՝ ամենօրյա կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելը, մանավանդ դպրոցներում: Ինչպես գիտեք, դպրոցներում արդեն ունենք 62 հաստիք:
Օրինակ, հիմա, երբ ամառային արձակուրդներ են, Ոստիկանությունն ամենօրյա ստուգայցեր է իրականացնում հատկապես Երևան քաղաքի փողոցներում. հայտնաբերում ենք թափառաշրջիկ երեխաների, իրավախախտ անչափահասների, այսինքն` կանխարգելիչ բնույթի աշխատանքներ են իրականացվում: Որպես երկրորդ գործոն` կնշեմ քարոզը, կոչը` ուղղված ծնողներին, և այսօր ծնողներն էլ են բավական զգոն: Դրա ապացույցն այն է, որ այսօր բազմաթիվ ծնողներ գալիս են Ոստիկանություն` հասկանալով, որ իրենց երեխան ունի խնդիրներ, և իրենք սեփական ուժերով չեն կարող լուծել դրանք: Օրինակ` հիմա աշխատանքներ են տարվում մի ընտանիքի հետ, որտեղ երեխան չի ուզում վերադառնալ տուն. հուսով ենք` շուտով կլինի վերամիավորում»:
Անդրադառնալով այն հարցին, թե հատկապես ի՞նչն է անչափահասներին դրդում հանցագործություն կատարել` Նելլի Դուրյանն ասաց, որ այն տարածված տեսակետը, թե հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են հանցագործություն կատարում, չի համապատասխանում իրականությանը. «Սոցիալական վիճակը կապ չունի: Օրինակ, ունենք ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում ապրող երեխաներ, որոնց երբեք չեք տեսնի իրավախախտի կարգավիճակում: Սա միանշանակ գալիս է երեխայի դաստիարակությունից, միանշանակ սա ծնողի սեփական օրինակն է»:
Ըստ Ն. Դուրյանի՝ հատկապես մարզերում երիտասարդացել է մարմնավաճառությունը. «Ունենք աղջիկներ, որ մարմնավաճառ չեն, բայց շեղված վարքագիծ ունեն. կարող են ծանոթանալ տարբեր մարդկանց հետ և առանց գումար վերցնելու` գնալ նրանց հետ: Մենք այս հարցը ներառել ենք 2013-2016 թվականների երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագրի մեջ: Այսօրվա դրությամբ՝ մեկ նման հաստատություն կա, որտեղ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ. դա Վարդաշենի հատուկ դպրոցն է, որտեղ կան տարբեր տիպի հակասոցիալական վարք դրսևորած երեխաներ»:
Մեր այն հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում այն ուղղությամբ, որ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո անչափահասները կարողանան ինտեգրվել հասարակությանը, ապրել բնականոն կյանքով, չարհամարհվել, Ն. Դուրյանը պատասխանեց, որ նախևառաջ՝ պետք է հասարակության վերաբերմունքը փոխվի. «Օրինակ, ես՝ լինելով ոստիկան, երբեք անչափահասին չեմ դիտում՝ որպես հանցագործի, որովհետև հատկապես անչափահասները կատարում են հանցագործությունը, հետո նոր գիտակցում են` ինչ են արել: Անչափահասին կարելի է ուղղել, ոտքի կանգնեցնել: Դրա համար պետք է այնպես անել, որ շրջապատը չիմանա նրա` հանցագործություն կատարելու մասին: Այս առումով հատկապես շատ կոպիտ սխալներ են թույլ տալիս լրագրողները. երբ խոսում են այդ դեպքերի մասին, հրապարակում են անչափահասի անունը, ցույց են տալիս դեմքը, բայց դրա մասին առհասարակ բարձրաձայնել չի կարելի»: