Հայդելբերգի քաղաքապետարանում կքննարկվի ցեղասպանության հուշարձանի հարցը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) տարածքում բնակվող հայ համայնքային կառույցները 2015թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախապատրաստվում են իրականացնել պատշաճ կազմակերպված ծրագրեր, համաձայն որոնց՝ Գերմանիայի խորհրդարանական և կառավարական մարմիններին կներկայացվի պահանջ՝ տալ իրավական և քաղաքական գնահատական 1915 թ. հայերի դեմ կատարվածի վերաբերյալ: Ի թիվս հասարակական, մշակութային, եկեղեցական կառույցների՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներում ներգրավված են Գերմանիայի Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողները: Եթե մինչ այս երիտասարդներն ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտում միայն իրականացրել են ակցիաներ, որի շրջանակներում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված կոչեր են հնչեցրել, ապա առաջիկայում հայ ուսանողները կփորձեն խոսել նաև արվեստի լեզվով:
Նախատեսվում է Գերմանիայի մշակութային, ուսանողական քաղաք համարվող Հայդելբերգում կյանքի կոչել բավականին պրոդուկտիվ մի գաղափար, որն ապագայում էլ իր «ներկայությամբ» հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը կտարածի ամբողջ Գերմանիայի տարածքում: Դատելով գերմանական օրենքների և քաղաքային իշխանությունների կոնստրուկտիվ, խիստ պահպանողական պահանջներից, եթե նախագծի քաղաքական և գաղափարական արժեքները համապատասխանեն նախատեսված ստանդարտներին, ապա ամենայն հավանականությամբ, Հայդելբերգում կտեղադրվի աբստրակտ մինիմալիստական մի քանդակ, որը կխորհրդանշի ցեղասպանության գաղափարը:
Ընտրելով վերացական արվեստի լեզուն՝ նախաձեռնող խմբի անդամները փորձելու են ապազգային ենթատեքստով անուղղակի խոսել համամարդկային արժեքների մասին՝ միևնույն ժամանակ իբրև քանդակի բովանդակություն ընդգծելով Հայոց Ցեղասպանությունը: Ընդ որում՝ ԳԴՀ տարածքում որպես ուսանողական և մշակութային հայտնի քաղաք Հայդելբերգում հուշարձանի տեղադրումն արդեն կհանդիսանա Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հավերժ խոսող լուռ քարոզչություն: Նշենք նաև, որ Ցեղասպանության 100-ամյակի «լացուկոծով» միջոցառումների բովանդակությունը, կարծես թե փոփոխության է ենթարկվում դրսում բնակվող, լավ կրթություն ստացող հայ երիտասարդների կողմից, որը քաղաքական ասելիքը կառուցում է մշակութային իրադարձության շուրջը:
Հուշարձանի նախագծեր ներկայացնելու համար մինչև հուլիսի 24-ը հայտարարված է մրցույթ ինչպես սփյուռքահայ, այնպես էլ՝ հայաստանաբնակ արվեստագետներին ներգրավելու համար, ընդ որում՝ հայտեր արդեն ներկայացվել են և արդյունքներն ամփոփելուց հետո կհայտարարվի մրցույթի արդյունքները: Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող Գյոթեի անվան համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի ուսանող Խաչիկ Մխիթարյանը և Գուրգեն Պետրոսյանը, ով ավարտել է Հայդելբերգի Ռուպրեխտ Կարլսի անվան համալսարանի Իրավաբանական բաժինը, իսկ ներկայում Մարբուրգի համալսարանում միջազգային իրավունքի գծով ասպիրանտ է, շուտով նախագծի հաստատման համար ստորագրահավաքն իրականացնելուց հետո՝ այն կներկայացնեն Հայդելբերգի քաղաքապետարան:
Բանն այն է, որ հայ երիտասրադները ոչ միայն հայ համայնքների, այլ նաև՝ այլազգի իրենց համակիրների հետ են նախաձեռնել Հայդելբերգում ցեղասպանությանը նվիրված հուշարձան տեղադրելու գործընթացը: Նախաձեռնողների կողմից ստեղծվել է «Ցեղասպանության հիշատակման և կանխարգելման» խումբ, որի նպատակն է Հայդելբերգում հուշարձանի տեղադրման շուրջ քննարկումներով մասնակցություն ունենալ, ինչպես նաև՝ հանդիսանալով ցեղասպանության կանխարգելման քարոզչական միավոր՝ տեղեկատվական լայնամասշտաբ գործողություններով կանխել սպասվող ցեղասպանությունները:
Ըստ նախաձեռնող խմբի անդամների՝ Հայոց Ցեղասպանությունը հիշատակող հուշարձանն ինչ-որ իմաստով կհանդիսանա ինֆորմացիոն աղբյուր, որպեսզի թե՛ Հայդելբերգի օտարերկրացի ուսանողները, թե՛ Գերմանիայի ազգաբնակչությունը պատմական ճշմարտություններ բացահայտեն: «Մենք՝ նախաձեռնող խմբի անդամներս, ամենատարբեր ոլորտի մասնագետներ ենք՝ իրավաբաններ, տնտեսագետներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ընդ որում՝ միջուկը կազմված է հայերից: Սա զուտ հայկական նախաձեռնություն է, հիշատակում ենք Հայոց Ցեղասպանությունը, բայց միևնույն ժամանակ՝ անդրադարձ ենք կատարում առհասարակ ցեղասպանության գաղափարին՝ գիտակցելով, որ մենակ ոչնչի չենք կարող հասնել: Մեր ծրագրում հիշատակում ենք նաև ասորիներին, հույներին, արամեացիներին, ովքեր զոհ են դարձել Օսմանյան կայսրությանը:
Վերջերս մի միջոցառման ժամանակ մոտ 300-ից ավելի գերմանացիների և այլազգի ներկայացուցիչների հետ խոսելու հնարավորություն ունեցանք: Փաստն այն է, որ միջին տարիքի սերունդը քաջատեղյակ է՝ ինչ է եղել անցյալում, իսկ նոր՝ մեր սերունդը, իրազեկված չէ: Շատ քչերը գիտեն, որ տեղի է ունեցել Ցեղասպանությոուն և, անգամ քչերը գիտեն առհասարակ Հայաստանի մասին և սա շատ վտանգավոր է, որովհետև պատմությունը մոռացվում է, որն էլ՝ հանցագործության կրկնակելիության համար հող է նախապատրաստում: Օրինակ՝ ներկայում հյուսիսային Կորեայում կա մի հիվանդ անձնավորություն, որն ունի ատոմային զենք և ձեռքի մի հարվածով կարող է մարդկությանը ոչնչացնել»,- ասում է նախաձեռնող խմբի անդամներից Գուրգեն Պետրոսյանը: Հայ երիտասարդները, մասնավորապես մատնանշում են Հակագենոցիդի և այլ միջազգային կոնվենցիաներն ու 1998թ. ընդունված միջազգային օրենսգիրքը, որը 2002 թ. ուժի մեջ է և, որն ընդունել են գրեթե բոլոր երկրները: Լինելով իրավաբաններ՝ նրանք փորձելու են իրավական փաստաթղթերը մատնանշելով Գերմանիայի իշխանություններից պահանջել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ քաղաքական գնահատական: Հնարավոր չհամարելով իրավական ճանապարհով որևէ քայլի հասնելու հեռանկարը՝ երիտասարդները հակված են քաղաքական լոբբինգի (որի մեխանիզմը կարող է հանդիսանալ իրավաբանական հիմնավորումը) միջոցով հասնել Գերմանիայի կողմից քաղաքական հայտարարության հրապարակմանը:
Վերջիններս օբյեկտիվորեն նայելով իրականությանը՝ հիշեցնում են, որ մինչև կոնվենցիայի ստորագրումը տեղի ունեցած դեպքերը չեն կարող քննվել կոնվենցիայի շրջանակներում, այսինքն՝ հետադարձ ուժի սկզբունքը չի գործում:
Ինչևէ, Հայդելբերգի քաղաքապետարանի կողմից նախագծի հաստատմանը կհաջորդի հուշարձանի բացումը, այնուհետև Գերմանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հայկական լոբբինգը: «Մեր ծրագրի բովանդակային մեխն այն է, թե ինչ է եղել հայերի հետ, և ինչ կարող է լինել մյուս ազգային փոքրամասնությունների հետ: Հայ ուսանողները շատ ակտիվ, կազմակերպված ձևով մասնակցում են նախագծի իրականացման փուլերին»,- ասում է Խաչիկ Մխիթարյանը՝ հավելելով, որ հուշարձանի տեղադրումը բաղկացած է երեք ընթացակարգերից՝ քաղաքապետարանի կողմից թույլտվություն, ֆինանսավորում (որն արդեն կա)և 2015թ. ապրիլի 24-ին բացման արարողություն:
Քյոլնում գործող խոշոր Կենտրոնական հայոց խորհրդի և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի հետ համատեղ շատերն արդեն ներգրավվել են ստորագրահավաքին: arm-heidelberg-initiative.com, arm-heidelberg-initiative.de կայքէջերում հուշարձանի տեղադրման համար արդեն 900 համախոհների ստորագրությունները նախաձեռնող խմբի անդամներն ունեն: Ընդ որում՝ «Ցեղասպանության և կանխարգելման» խմբում հայ երիտասարդներն ունեն ֆրանսիացի, գերմանացի, սերբ, հույն համախոհներ, որոնք, արտահայտում են ոչ թե համայնքային դիրքորոշումը, այլ իրենց անհատական մոտեցումը: Չնայած դրան՝ 2000 անդամների ստորագրության առկայությունը միայն թույլ կտա նախագիծը ներկայացնել Հայդելբերգի քաղաքապետարան՝ այն օրակարգ մտցնելու համար: Մինչ այդ նախագծի հեղինակները հանդիպումներ կունենան տեղական այն կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ովքեր կարող են դրական ազդեցություն ունենալ նախագծի իրականացման համար:
Ի դեպ, Հայդելբերգի քաղաքային իշխանության մեծամասնություն են կազմում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակից Քրիստոնյա-դեմոկրատականները, որոնք հայանպաստ դիրքորոշում ունեն և ակնկալվում է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների վերաբերյալ օբյեկտիվ որոշումներ կկայացնեն: Ինչ վերաբերում է ԳԴՀ կառավարությանը և Բունդեսթագ ներկայացվող քաղաքական պահանջներին, ապա երիտասարդները նշում են, որ նման պատասխանատու հարցերով զբաղվում է Կենտրոնական հայոց խորհուրդը, որի ներկայացուցիչներն ընդգրկված են նաև ԳԴՀ վարչական մարմիններում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԳԴՀ-ի ողջ տարածքում ամենամեծը թուրքական համայնքն է՝ հայ երիտասարդները թուրքական կողմից դիմադրություն են կանխատեսում, բայց, անգամ այդ պարագայում էլ՝ նրանք պատրաստ են իրականացնել նախատեսված ծրագրերը: Հիշեցնենք, որ վերջերս Հոլանդիայում տեղադրված Հայոց Ցեղասպանության հուշարձանը թուրքերի կողմից դժգոհության ալիքի պատճառ էր հանդիսացել. Նրանք պահանջում էին վերացնել այն, սակայն որևէ հաջողության չհասան: Գ. Պետրոսյանը և Խ. Մխիթարյանը հավատացնում են, որ միջոցառումներն իրականացնելու գործողությունները կատարվելու են օրինական, հատկապես քաղաքակիրթ ճանապարհով, առանց թուրքերի հասցեին թշնամական և վիրավորական գնահատականների:
Առաջիկայում նախագիծը կընդգրկվի Հայդելբերգի քաղաքապետարանի օրակարգում և մենք կփորձենք ներկայացնել կուսակցությունների դիրքորոշումները, հուշարձանի տեղադրման վերաբերյալ կայացված որոշմանը և մրցույթում հաղթող արվեստագետի ստեղծագործությանը: