Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի կալանքի ժամկետը երկարեցվել է
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ՝ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարեցվել է: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց Գ. Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Նշենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Ըստ Ոստիկանության՝Գոռ Առաքելյանը, բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Նա ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:
Բացի Գոռ Առաքելյանից՝ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկո անձի՝ Ներսես Մելքոնյանին և Վալերի Հովհաննիսյանին: Ն. Մելքոնյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), Վալերի Հովհաննիսյանը՝ խուլիգանությա մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մաս): Նրանք ևս կալանավորված են: