ՌԴ ՊՆ-ը 18 երկրի ռազմական կցորդներին հրավիրել է այցելել ռուս-ուկրաինական սահման
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՊՆ-ը 18 երկրի ռազմական կցորդների հրավիրել է այցելել Ռոստովի մարզ՝ Ուկրաինայի հետ սահման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
Հրավիրվածների թվում են հայտնվել նաև ԱՄՆ-ի ու Գերմանիայի ռազմական կցորդները: Ռուսաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ ուկրաինական կողմը տեղեկատվական պատերազմ է ծավալել Ռուսաստանի դեմ, շահարկում է սահմանին ռուսական ստորաբաժանումների մասին տվյալները:
Անտոնովը հայտարարել է, որ ելնելով այդ ամենից՝ իրենք որոշել են ռազմական փորձագետներին ծանոթացնել սահմանին տիրող իրական վիճակի հետ, ցույց տալ ուկրաինական տարածքից կատարված հրետանային ու ականանետային կրակոցների հետևանքով գրանցված ավերածությունները:
Սրանից առաջ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի հետ սահմանին պահել մինչև 12.000 զինծառայող: Բացի այդ, չի բացառվում, որ ուկրաինական «ԱՆ-26» ռազմափոխադրման ինքնաթիռը ոչնչացված լինի Ռուսաստանի տարածքից արված կրակոցից: