Բաժիններ՝

Մեկնարկեց Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովը

«Հայ-թուրքական համաժողովն արդեն 5 տարի շարունակ տեղի է ունենում և՛ Ստամբուլում, և՛ Երևանում: Համաժողովը ցույց տվեց բոլորին, որ մենք շատ եզրեր ունենք համագործակցելու և շատ պատմություններ ունենք իրար պատմելու:

Դրա վկայությունը արդեն ստեղծված ֆիլմերն են, որոնք թվով 15-ն են: Այն նախագծերը, որ մենք ստացել ենք այս տարի երկու համաժողովների համար՝ Ստամբուլում և Երևանում. մենք ստացել ենք 40-ից ավելի կինոնախագծեր՝ երիտասարդ թուրք և հայ կինոռեժիսորներից և պրոդյուսերներից: Բոլոր պատմությունները շատ հետաքրքիր են:

Մի քանիսն առնչվում են պատմական թեմաներին, մի քանիսը սոցիալական բնույթի են, մյուսները փորձում են բացահայտել չպատմված պատմությունները կամ ինքնության խնդիրները:

Այդ փակ սահմանները, որ մենք ունենք՝ կարող ենք բացել մեր համագործակցության միջոցով»,- այսօր հայ-թուրքական կինոպլատֆորմի բացման ժամանակ ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Voske-Ciran6

«Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովը կկայանա հուլիսի 14-16-ը «Անի Պլազա» հյուրանոցում:

Աշխատաժողովը բաղկացած է լինելու դասընթացներից, հանդիպումներից և նախագծերի ներկայացումներից: 10 նախագծերից մեկը ստանալու է 10 հազար ԱՄՆ դոլար մրցանակ:

Հավաքված նախագծերից 10-ը (5-ական՝ Թուրքիայից և Հայաստանից, ընդ որում, երկուսը համատեղ արտադրության են՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ) ընտրվել են մասնակցելու մրցույթին.

1. «Մշո ճառընտիր», ռեժ. Սերժ Ավետիքյան, պրոդ. Արմինե Հարությունյան, Հայաստան

2. «Քարքարոտ արահետներ», ռեժ. Առնո Խայաջանյան, պրոդ. Մագալի Շիրուզ, Ֆրանսիա

3. «Մեկ կանաչ, երեք կապույտ», ռեժ. Արսեն Առաքելյան, պրոդ. Նարեկ Թովմասյան, Հայաստան

4. «Վերջին ներարկումը», ռեժ. Գուրգեն Ջանիբեկյան, պրոդ. Արծվի Բախչինյան, Հայաստան

5. «Փիսիկ», ռեժ. Այսե Փոլատ, պրոդ. Մեհմետ Ակտաս, Գերմանիա

6. «Չուհաջյանի քայլերով», ռեժ./պրոդ. Մեսուտ Թուֆյան, համառեժ. Արա Շիրինյան, Թուրքիա

7. «Ծեր ծառի ճյուղը», ռեժ./պրոդ. Մարիամ Օհանյան, պրոդ. Թունա Յիլմազ, Թուրքիա

8. «Պաստելի աղոտ նկարը», ռեժ./պրոդ. Սևդա Ուսանօղլու, Թուրքիա

9. «Ժամանակ», ռեժ./պրոդ. Նուրիյե Բիլիչի, Թուրքիա

10. «Անատոլիական հեղափոխականը. Ընկեր Փարամազը», ռեժ. Կադիր Ակին, պրոդ. Հալուկ Ունալ, Թուրքիա

Ժյուրիի անդամներն են՝ ռեժիսոր և սցենարիստ Գիդեոն Կոպելը, «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր Չիգդեմ Մաթերը, ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլագայ Թայլանը, ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը, լրագրող Մանանա Ասլամազյանը, «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Նաիրա Սուլթանյանը (Մեծ Բրիտանիայի դեսպանատնից):

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը սկսել է իր գործունեությունը 2008 թվականին՝ Հայաստանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի և Թուրքիայի «Անադոլու Կուլտուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ:

Կինոպլատֆորմը կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում համատեղ կինոարտադրությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս