Պարույր Հայրիկյանը Սերժ Սարգսյանին հորդորում է հրաժարական տալ և ներողություն խնդրել ժողովրդից
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի` 2013 թ-ի սեպտեմբերի 3-ին ՀՀ իշխանությունները, ետ կանգնելով Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած և որոշակի հանգրվանի հասած գործընթացից, հրաժարվեցին 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով որդեգրած ռազմավարական ուղուց: Ըստ նրա` դա քաղաքական գործչի, նախընտրական ծրագրով աշխարհին ու հանրությանը ներկայացած ՀՀ նախագահի թեկնածուի հրաժարումն էր իր խոստումներից` ինքն իրենից. «Օրերս ակնհայտ դարձավ, որ սին էին նաև «հանուն ազգային անվտանգության» նոր` եվրասիական կողմնորոշման ռազմավարություն որդեգրելու մասին հավաստիացումները: Այս անգամ ՀՀ իշխանություններին բախտ չվիճակվեց հանդես գալ ինքնահրաժարականով: Գործընթացն ընդհատվեց ռուս-թուրքական դաշինքի պարտադրած ամոթալի հրաժարեցումով: ՀՀ իշխանություններին թույլատրվեց խոսել հետաձգման մասին: Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ նրանց ևս մեկ անգամ անհամեմատ ավելի նվաստացուցիչ պայմաններով ստիպեցին ետ կանգնել` հրաժարվել, իրենց խոսքերով,անվտանգություն ապահովող ճանապարհից: Մենք գոհ ենք, որ թեկուզ ժամանակավորապես ձախողվում են հոգեվարքի մեջ գտնվող ռուսական իմպերիալիզմի նկրտումները: Պարզվում է` նախախնամությունը բարեհաճ է մեր նկատմամբ: Գոհ ենք, որ հանգամանքները ՀՀ իշխանութուններին բացահայտեցին՝ որպես հրաժարական հասկացության լծորդներ, սակայն զարմանալի ենք համարում այն, որ այսքան ձախողումներ ու հրաժարականներ ապրած իշխանությունները չեն տալիս հիմնական հրաժարականը, եթե ոչ որպես իրենց անփառունակ գործունեության եզրահանգում, եթե ոչ հանուն իրենց արժանապատվության, ապա հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»:
Ըստ Հայրիկյանի` այսպիսի իրավիճակում աշխարհի բոլոր երկրներում քաղաքական ուժերը հրաժարական են տալիս.«Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի կործանում: Իշխանությունները պետք է խոստովանեն իրենց ռազմավարական ձախողումը, ներողություն խնդրեն ժողովրդից և հրաժարվեն իշխանությունից, ինչը և մենք` հայկական առաջին հայաստանածին կազմակերպության ներկայացուցիչներս, հորդորում ենք Սերժ Սարգսյանին և իր թիմակիցներին»:
Այնուհետև խոսելով Սերժ Սարգսյանի` Արգենտինայում տված հարցազրույցի մասին` Պարույր Հայրիկյանն ասաց, որ այդ ամենի մեջ ինքը դրական միտում է տեսնում. «Մի փոքր կարելի է ուրախանալ: Ես կարծում էի, թե լրիվ ստրկացած են, այսինքն` այն աստիճանի են ստրկացած, որ իմանալով` Ռուսաստանի քաղաքականությունն է թուլացնել Հայաստանը, ամբողջությամբ կորցրել են ինքնուրույնությունը, քանի որ դրամական, ԿԳԲ-ական և այլ հարցերով կախվածության մեջ են Ռուսաստանից: Երևի արժանապատվության ինչ-որ նշույլ դեռ մնացել է, որ այս իրավիճակում համարձակվեցին մի քանի բառ ասել: Ուրեմն կա ինքնուրույնություն դրսևորելու ինչ-որ հնարավորություն, և տեսնելով, որ վերջ, ամեն ինչ կորած է, փորձեց այնտեղ գոնե խոսել. դե Արգենտինայում, թվում է, ավելի հնչեղ կլինի, ի վերջո միջազգային հարթության վրա է հայտարարությունն անում»:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային` Պ. Հայրիկյանը նշեց, որ այդ տեսակի զենքի վաճառքը, որով հնարավոր է Նախիջևանից մինչև Երևան ավերակների վերածել, պարզապես մեծագույն թշնամություն է Հայաստանի նկատմամբ.«Մեր իշխանությունները երևի այն ժամանակ մտածում էին, որ ԱԻՄ-ը ասում է, տարբեր քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ ասում են, բավարար, բայց հիմա երևի իրենք էլ վերլուծեցին և որոշեցին գոնե խոսել այդ մասին. խոսքը վերաբերում է Արգենտինայում Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին»:
Խոսելով սահմանային լարվածության մասին` Պ. Հայրիկյանն ասաց.«Երբ ամիսներ առաջ ես ասացի, որ մենք ավելի ծանր վիճակում ենք, քան 1915-ի Ցեղասպանությունից առաջ, շատերն այնպես արձագանքեցին, թե Հայրիկյանն այս ի՞նչ չափազանցության մեջ է ընկել: Իրականում եթե դու փորձառություն ունես, եթե դու լավ ուսումնասիրել ես պատմությունը, ապա կարողանում ես կանխատեսել սպասվող իրադարձությունները: Այո՜, խուճապի, անհանգստության լուրջ հիմքեր կան, և այս ամենը պետք է կանխել: Կանխելու ամենակարճ ճանապարհը Սերժ Սարգսյանի և իր թիմի հրաժարականը և ինչ-որ եվրոպամետ ուժի` իշխանության գալն է: Այդպես մենք վերադառնում ենք այն գծին, որ սկսվել էր 1991թ-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով և շարունակվում էր վերջին երեք տարիների բանակցություններով»:
Անդրադառնալով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հետաձգման թեմային` Հայրիկյանն ասաց, որ ՄՄ-ն ռուս-թուրքական դաշինք է.«Նման դաշինքներ պատմության մեջ էլի են եղել և միշտ եղել են ի վնաս Հայաստանի: Մաքսային Միությունը, որպես այդպիսին, չի կայանալու, բայց այդ համագործակցության, այդ բանակցությունների փուլում մենք մեծապես տուժեցինք: Իսկ մեր միանալը ՄՄ-ին հետաձգվում է, քանի որ մեզ համար պատրաստվում են ավելի նվաստացուցիչ պայմաններ: Հայաստանը Ռուսաստանին պետք է որպես մանրադրամ. մեզ մեր իշխանությունները հասցրել են մանրադրամի մակարդակի»:
Ամփոփելով իր խոսքը` Պարույր Հայրիկյանն ասաց, որ ներկա քաղաքական իրավիճակը կարող է փոխել հենց ինքը. «Թող 40 օրով Հայրիկյանը վերցնի ղեկը, հետո ընտրություն կլինի, էլի դուք կընտրվեք, բայց պետք է շարունակել այլ ուղղությամբ: Դա կարող է Հայրիկյանը չլինել, կարող է լինել մեկ ուրիշը, բայց հստակ եվրոպական կողմնորոշմամբ, հստակ սկզբունքներով և մոտեցումներով: Դա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա»:
Աստղիկ Իսկանդարյան