Չինական պետական ԶԼՄ-ները iPhone-ը որակել են որպես ազգային անվտանգության սպառնալիք
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` չինական պետական ԶԼՄ-ները Apple ընկերության iPhone սմարթֆոնը որակել են որպես ազգային անվտանգության սպառնալիք` կապված օգտատերերի տեղաշարժերին հետևելու ունակության հետ:
Քննադատության է ենթարկվել մասնավորապես Frequent Locations գործառույթը: Եթե այն ակտիվացված է, ապա iPhone-ը ֆիքսում է օգտատիրոջ գտնվելու վայրը և այն, թե որքան երկար է նա մնում այդտեղ: Նման տվյալների կուտակման հետ մեկտեղ սմարթֆոնն ի հայտ է բերում, թե օգտատերը որ վայրերում է հայտնվում հաճախակի:
Արդյունքում iPhone-ը կարող է բավական ճշգրիտ հստակեցնել օգտատիրոջ աշխատավայրն ու նրա տան հասցեն: Բացի այդ, գործառույթը հնարավորություն է տալիս պարզել օգտատիրոջ սիրելի ռեստորանները, խանութները և այլն, նրա ընկերների տները:
Չինացի փորձագետները հայտարարել են, որ դրանք շատ անձնական տվյալներ են, և եթե այդ տեղեկությունները լինեն մատչելի, ապա կարելի կլինի հասկանալ երկրում տիրող տնտեսական ողջ իրավիճակը և անգամ մուտք ստանալ դեպի պետական գաղտնիքներ: Apple-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ հայտարարությունը: