«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են որդուս տարել». Անհետացած հովվի հայր. «ՀԺ»

«Նախորդ օրը Հայաստանի լրատվական դաշտը պայթեց ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի ծավալած գործունեության մասին լուրերով»իայի 10 տոկոս թանկացման դիմաց փոխհատուցում տրամադրել»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

Տեղեկություններ էին շրջում, որ օրեր շարունակ այդ խումբը ինչ-որ գործողություններ է իրականացրել եւ նաեւ մի 14 տարեկան երեխայի առեւանգել: Պաշտոնական մարմինները փորձում էին հերքել այս տեղեկությունները, բայց ավելի ուշ մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, թե դա փակ տեղեկատվություն է: Իսկ երեխայի առեւանգման մասին լուրերը կտրականապես հերքվում էին: Երեկ, սակայն, իրավիճակը փոխվեց:

ՀՀ ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնապես հաստատեց դիվերսիոն խմբի մասին տեղեկությունը՝ հայտարարելով, որ խմբի անդամներից մի քանիսը ձերբակալվել են, մի քանիսն էլ` դիմել փախուստի: Իսկ երեխայի առեւանգելու մասին տեղեկատվությունը որեւէ կերպ չէին հաստատում եւ չէին հերքում: Երեկ մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան անհետացած երեխայի մասին: Անճշտությունն այն է, որ երեխան 17 տարեկան է` Սմբատ Ցականյան անուն-ազգանունով (նկարում), ում ընտանիքը Չարդախլու գյուղից է եղել, սակայն պատերազմից հետո տեղափոխվել է Քարվաճառ: Սմբատը անհետացել է հուլիսի 4-ի երեկոյան, «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տանից: Սմբատի հայրը՝ Մեխակ Ցականյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, երեկ մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց:

– Պարոն Ցականյան, ե՞րբ է անհետացել ձեր որդին:

– Որդիս տանը մենակ է եղել, եղբորս տղան եւ մյուսները գնացել են պոպոկ հավաքելու, ինքը տանը մենակ է մնացել: Առավոտ եկել եմ, տեսել՝ որդիս չկա:

– Լրատվական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն, ձեր որդին անհետացել է դիվերսիոն գործողությունների արդյունքում: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, թե՝ ոչ: Ձեզ ի՞նչ է հայտնի:

– Այո, հենց այդ ժամանակ է անհետացել, հենց դիվերսիոն գործողությունների ժամանակ է եղել: Դիվերսիայի արած գործերն ա: Մտել են մեր տուն, բան-ման ա պակասում, ուտելիք են տարել: Երեւակայեք, դիվերսիոն գործողությունները հենց այդ օրն են եղել, սակայն չգիտեմ՝ քանի հոգի է եղել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են որդուս տարել: Ուղղակի ես չգիտեի, որ որդիս մենակ կմնա ու սենց բան կլինի, կգան ու կտանեն:

– Վերջին անգամ ե՞րբ եք տեսել ձեր որդուն:

– Հուլիսի 4-ի երեկոյան իրեն թողել ենք գնացել, առավոտյան եկել եմ, տեսել՝ չկա:

– Պարոն Ցականյան, դիմե՞լ եք ոստիկանություն:

– Այո, եկել են հարցաքննել են, հետո գնացել:

Երեկ ԼՂՀ ոստիկանությունը իր կայքում հաղորդագրություն տեղադրեց Սմբատ Ցականյանի անհետանալու մասին, սակայն, որեւէ կերպ մանրամասնած չէ, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Նշված է, որ հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը, (ծնված 28.04.1997թ., բնակվում է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից եւ չի վերադարձել:

Արդյո՞ք երեխան իսկապես առեւանգվել է դիվերսիոն խմբի կողմից, եւ ընդհանրապես ի՞նչ խնդիրներ են դրված ադրբեջանական այս դիվերսիոն խմբի առաջ, դժվար է կռահել: Բայց դիվերսիոն խմբի անդամներից առգրավված զենքն ու զինամթերքը (խլացուցիչներով հրազեն, նռնակներ, պայթուցիկներ, մեծ քանակությամբ փամփուշտներ…), որի լուսանկարները երեկ հրապարակել է ԼՂՀ ՊԲ-ն, խոսում է այն մասին, որ սա լուրջ պատրաստված եւ լուրջ խնդիրներ կատարող խումբ է: Ընդ որում, այս խումբը մոտ 15-20 կիլոմետր խորացել է Քարվաճառի շրջանի տարածք (քարտեզում):

Լուսանկարը՝ «ՀԺ»-ի:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս