Վահրամ Բաղդասարյան. Հայաստանը պատրաստ է անդամակցել Եվրասիական միությանը հավասարը հավասարի պայմաններով

Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային/Եվրասիական միությանը հավասարը հավասարի պայմաններով: Այս կարծիքին է իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Այսօրվա ասուլիսում նա ասաց, թե Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության բանակցությունները հիմնովին ավարտված են, և պայմանագիրն արդեն պատրաստված, նախնական ձևով ուղարկվել է ներպետական համաձայնեցման: Իսկ Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը, ով մի քանի օր առաջ տեղեկացրել էր, որ Հայաստանն անդամակցության պայմանագիրը ստորագրելու է ոչ թեայս ամիս, այլ, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին, ըստ Վ. Բաղդասարյանի` մոտավոր ձևով է ասել, ավելի հստակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը, որ Հայաստանը մոտ ապագայում կանդամակցի Եվրասիական միությանը:

«Ես, որպես խմբակցության ղեկավար, կարող եմ հայտարարել, որ որևէ նախապայմաններ չենք ընդունելու, հավասարը հավասարի ձևով պատրաստ ենք անդամակցել Մաքսային միությանը, խանգարող խոչընդոտներ չկան, այն բոլոր տեխնիկական խոչընդոտները, որոնք եղել են, արդեն վերացված են: Իսկ եթե նոր պայմաններ լինեն, Հայաստանը միանշանակ հավասարը հավասարի պայմաններով պատրաստ է անդամակցել Եվրասիական միությանը»,- հայտարարեց իշխանության ներկայացուցիչը:

168.am-ը հետաքրքրվեց` իսկ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Իգոր Շուվալովի վերջին հայտարարությունը, թե ԵՏՄ-ին միանալու դեպքում Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ` փոխհատուցումների հարցի շուրջ, արդյոք խոչընդոտ չէ՞: Հանրապետական պատգամավորը, ի պատասխան այս հարցին, կասկած հայտնեց, որ ռուսաստանյան բարձաստիճան պաշտոնյան, ով այդ հայտարարությունն արել է Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստից հետո, «պետական հայտարարություն» է արել:

Կարդացեք նաև

«Դուք Շուվալովի հայտարարությունն ընդունում եք որպես պետակա՞ն հայտարարություն»,- հարցրեց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարը, ըստ էության, չպատասխանեց մեր հարցին, թե ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում հարթել այդ խոչընդոտը, օրինակ` Հայաստանը կհրաժարվի ԱՀԿ-ի անդամակցությունից, կհրաժարվի Եվրասիական միությանը միանալուց, թե, օրինակ, կհամաձայնի փոխհատուցել կորուստները հօգուտ ԱՀԿ-ի մյուս երկրների:

«Մեզ մոտ էլ կան շատ կարծիքներ, և այն բոլոր խանգարող հանգամանքները, որոնք կլինեն բանակցությունների հետ կապված, պատրաստ ենք անելու այդ բանակցությունները, բայց մենք հստակ հայտնեցինք մեր կարծիքը, թե ինչ պայմաններով կարող ենք անդամակցել Եվրասիական միությանը: Մենք մեր խնդիրներն արդեն իսկ ավարտել ենք, մեր տեխնիկական խնդիրները վերջացրել ենք, և պայմանագիրն արդեն ուղարկված է համապատասխան երկրներին: Դեպքերից առաջ չընկնենք, քննարկումներից հետո բոլորի համար պարզ կլինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպելով երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, նրան տեղեկացրել էր, թե այդ օրը լավ լուր է ստացվելու Սոչիից: Նույն օրը Իգոր Շուվալովը Սոչիում ԵՏՄ խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ` փոխատուցումների հարցի շուրջ, այսինքն, Հայաստանը, դառնալով ԵՏՄ անդամ, ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներկրվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման դեպքում պիտի փոխհատուցի այն կորուստները, որոնք ունենալու են ԱՀԿ անդամ բոլոր երկրները:

Տեսանյութեր

Լրահոս