Բաժիններ՝

«Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրի բացումը կկայանա «Եղբայրներ. Վերջին խոստովանությունը» ֆիլմի ցուցադրությամբ

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում Արևելյան Գործընկերության 24 երկրներից 14-ն են ընտրվել: Այս երկրները մրցելու են երեք դրամաշնորհների համար՝ մեկը 5000 եվրոյին համարժեք դրամ է, մյուս երկուսը՝ 3500 եվրոյի: Ընտրվել են հայկական վեց նախագիծ, վրացական՝ 4-ը, մոլդովական՝ 1-ը, մեկ նախագիծ Թուրքիայից և ուկրաինական 2 նախագիծ:

«Ֆիլմեր առանց սահմանների» ծրագիրը իրականացվում է «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի շրջանակներում: Այս տարի ծրագրում կներկայացվեն 17 ֆիլմ՝ արտադրված վերջին տարիներին արևելյան գործընկերության երկրներում, ինչպես նաև՝ Թուրքիայում: Հուլիսի 14-ին, ժամը 15:30-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա ծրագրի բացումը: Բացման ֆիլմն է լինելու «Եղբայրներ. Վերջին խոստովանությունը» ֆիլմը: «Ֆիլմը ուկրաինական է, ռեժիսորը Վիկտորիա Տրաֆիմենկոն է: ֆիլմը կներկայացնի Ուկրաինայից ժամանած պրոդյուսերը՝ Իգոր Սավչիենկոն, ինչպես նաև Սուսաննք Հարությունյանը և Եվրոպական միության պատվիրակությունից Խոսե Մեդինան»,- ասաց ՌԱՍ նախագծի հնարային կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանը:

«Նախագծերում տարբեր թեմաներ են արծարծվում, հայկական նախագծերից երկուսն անդրադառնում են Ղարաբաղյան հակամարտությանը»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը:

Այս տարվա ֆորումի ժյուրիի կազմում ընդգրկվելու են Նինո Անջափարիձեն՝ Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը, ռումինացի պրոդյուսեր Դան Բուրլաքը, Ռուքսանդրա Չեռնատը, Եվգենի Գուսիատինսկին՝ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի համադրողը, «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, գերմանացի պրոդյուսեր Քրիստին Հաուփթը, Belgrade Industry Meetings B2B-ի ղեկավար Միրոսլավ Մոգորովիչը և պրոդյուսեր, «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը:

Ֆորումի առաջին օրը կլինեն կարճ դասախոսություններ, երկրորդ օրը լինելու են pitching-ները՝ նախագծերի ներկայացումները: Իսկ երրորդ օրվա ընթացքում մասնակիցները ունենալու են անհատական հանդիպումներ կինոարտադրության ներկայացուցիչների հետ: Այս տարվա դասավարներն են Eastern Europe German Films կազմակերպության ներկայացուցիչ Սիմոնա Բաումանը, ARTVIVA-ի նախագահ և FILM TEEP-ի նախագահ՝ Ռուքսանդրա Չեռնատը և Ջուլիեն Էզգանոն՝ Ֆրանսիայի կինոկենտրոնի միջազգային համատեղ արտադրությունների բաժնի ղեկավարը:

«Ոսկե ծիրան» Երևանի Միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այս ծրագրի շրջանակներում իրենք շատ են կարևորում դասընթացները.

«Երկու տարվա ընթացքում մենք ունեցանք 4 դասընթաց, որոնց մասնակցեցին մոտ 60 ռեժիսորներ և պրոդյուսերներ Հայաստանից և արևելյան գործընկերության երկրներից, բայց մենք ուզում ենք, որ այս դասընթացները, որոնք վարեցին լավագույն դասավարները, նաև հասանելի լինեն ցանկացած, ով գրանցվում է մեր կայքում: Իսկ մեր կայքն ունի արդեն 800 գրանցված օգտատեր և մեր էլեկտրոնային տեղեկագիրը, որ ամսեկան է, ստանում է մոտ 2000 հասցեատեր: Այդ բոլոր 2000 հասցեատերերը երիտասարդ ռեժիսորներ և պրոդյուսերներ են, և ստանում են տեղեկություն ոչ միայն մեր ծրագրի մասին, այլև հայտարարություններ՝ նմանատիպ ֆորումների, ֆինանսավորման հնարավորությունների, դասընթացների մասին, որոնք կայանում են ոչ միայն Երևանում կամ տարածաշրջանում, այլ նաև Եվրոպայում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս