«Դ!եմ եմ» թիմի անդամ Մանե Թանդիլյան. «Մենք պետք է ավելի խոհեմ ու ավելի կազմակերպված լինենք»
Հունիս 21-ին ԱԺ-ում կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի ընդունումից հետո «Դ!եմ եմ» թիմի անդամներն ԱԺ-ի դիմաց ՀՀԿ-ական պատգամավորներին դիմավորում էին «ամոթ», «դավաճան» կոչերով։ Փոխարենը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին նախաձեռնության անդամները դիմավորեցին ծափողջույններով և կոչ արեցին նրան՝ «դուխը» չգցել, քանի որ դրսից հստակ երևում է, թե՝ ով ով է։ Ա. Մինասյանն էլ իր հերթին՝ ասաց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրենք քառյակի մյուս անդամների հետ կհանդիպեն «Դ!եմ եմ» թիմի անդամների հետ, ու կորոշեն իրենց հետագա քայլերի ընթացքը:
168.am-ի հետ զրույցում «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ այդ օրվանից հետո որևէ հանդիպում տեղի չի ունեցել «Դ!եմ եմ»-ի և քառյակի անդամների հետ՝ ծանրաբեռնվածության պատճառով. «Բայց ես գիտեմ, որ պատգամավորներն իրենք էլ նախաձեռնում են դիմել Սահմանադրական դատարան, որն անձամբ ես շատ ողջունում եմ: Կարծում եմ, որ դա պետք է արվի, սակայն պատգամավորները, իհարկե, կարող են իրենց նախաձեռնությամբ էլ դա անել, ինչպես նաև մեր օգնությամբ, մենք պատրաստ ենք միշտ օգտակար լինել: Մենք դեռ հետագա քայերը չենք քննարկել, չենք խոսել, բայց արձակուրդի ժամանակ մարդիկ քաղաքում չեն, բայց փորձում ենք կազմակերպել գործընթացները»:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց կուտակային կենսաթոշակների մասին փոփոխությունը:
Մ. Թանդիլյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի այդ քայլը սպասելի էր իր համար. «Ճիշտն ասած, ես սպասում էի, այդպես լավատես չեմ, որ չէր ստորագրի այս հակասահմանադրական օրենքը, որովհետև ինքը կարծես թե փորձել է քողարկել նրա հակասահմանադրականությունը, սակայն ինձ համար սա այնքան հակասահմանադրական է, որքան նախորդն էր, որովհետև վճարը չի կարող լինել ուղղակի կամայական ոչ չափի և ոչ կամայական խմբի համար՝ լինի տարիքային, պետական թե մասնավոր: Պարտադիր վճարը միանշանակ է բոլորի համար, ինչպես նաև՝ այն չի կարող լինել ուղղակի թիվ՝ լրացնելու որոշ բացեր:
Այսինքն՝ այն պետք է տրամաբանություն, համաչափություն ունենա: Այս մի քանի հարցերն ինձ այնքան տեսանելի են, որ ես համարում եմ՝ օրենքը շարունակում է լինել հակասահմանադրական, և ես շատ կուզեմ, որ մեր ժողովուրդն իսկապես համբերություն ունենա հաղթելու մինչև վերջ: Ես ուզում եմ, որ մենք չհամբերենք, չհանդուրժենք այն բացերը, թերությունները, չարիքը, որ կա մեր երկրում, բայց լինենք համբերատար դրանք վերացնելու գործում»:
Մեր հարցին՝ արդյոք մասնավոր աշխատողները կշարունակե՞ն պայքարել, կանգնել պետական հաստատություններում աշխատող քաղաքացիների կողքին, Մ. Թանդիլյանն այսպես պատասխանեց. «Այստեղ մեծ դեր ունի այն տեղեկացվածության բացը, որ կար ամենասկզբից, ինչպես նաև հիմա: Սա իրենից ներկայացնում է մի օրենք, որը խաթարում է մարդկանց և այդ նույն մասնավորի իրավունքները:
Նախևառաջ՝ 2017 թիվը սարերի ետևում չէ, վերջապես՝ մասնավորն այդ խնդիրը պետք է հասկանա, որ այդպես չի լինում: Գալու է այդ 2017-ը, և նորից նույն խնդրի առջև ենք կանգնելու: Շատ ավելի ճիշտ ու խելամիտ է հենց այսօր շարունակել պայքարը, մինչև վերջ հասնել այն հաջողություններին, որոնք հնարավոր են: Համակարգը պետք է դարձնել կամավոր, որը հենց Սահմանադրական դատարանի որոշման հիմքում է ընկած, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ անելով, մարդկանց խաբելով՝ փորձել թուլացնել շարժումը: Ես կարծում եմ՝ այստեղ էլի աշխատանք ունի անելու նույն «Դ!եմ եմ» շարժումը, որպեսզի մարդկանց իրազեկի, բացատրի, որ պայքարը չի ավարտվել, և եթե հանկարծ իշխանությունն այս պահին ընկալի, որ շարժումը դադարել է, ամեն օր կարող ենք սպասել վատագույն անակնկալների: Այնպես որ, ես կարծում եմ՝ մասնավոր ընկերությունների ժողովուրդը խոհեմ կլինի և չի հանձնվի»:
Խոսելով «Դ!եմ եմ» թիմի հետագա քայլերի մասին՝ Մ. Թանդիլյանը նկատեց, որ այս պահին իսկապես դժվարին կացություն է. «Հայտնի է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ժամանակ մեր ընկերներից շատերն էին բերման ենթարկվել, և ես այդտեղ միտում եմ տեսնում հենց «Դ!եմ եմ»-ի անդամների նկատմամբ: Մենք պետք է ավելի խոհեմ ու ավելի կազմակերպված լինենք, և հենց այդ քայլերն էլ այժմ քննարկվում են»: