Բաժիններ՝

Հելսինկիի միտրոպոլիտն այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց իր հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսին ու նրա ուղեկիցներ իրավաբանական գիտությունների դոկտոր տիար Անտի Հայկինհայմոյին և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ տիար Տիմո Կիտևեյնեին: Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նրանց` միաժամանակ ընդգծելով այս հանդիպման կարևորությունը Հայ Առաքելական և Ֆին Ուղղափառ Եկեղեցիների միջև ձևավորված միջեկեղեցական հարաբերությունների առավել զորացման ու փոխգործակցության առումով:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ ունեցավ Ուղղափառ և Քույր Եկեղեցիների հետ Հայ Եկեղեցու ունեցած ջերմ հարաբերություններին, ներկայացրեց Էկումենիկ ոլորտում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև խոսեց մարտահրավերների մասին, որոնք ալեկոծում են եկեղեցական կյանքն ու խաթարում սիրո մթնոլորտը` հորդորելով միասնական աղոթքով դիմագրավել բոլոր խոչընդոտներն ու փորձությունները: Իր հերթին Գերաշնորհ Ամբրոսիոս միտրոպոլիտը նշեց, որ այս հանդիպումն աստվածաբանական երկխոսության առումով շատ լուրջ նշանակություն ունի Հայ և Ֆին Եկեղեցիների համար, և այն ավելիով նպաստելու է երկու Եկեղեցիների միջեկեղեցական հարաբերությունների ավելի սերտացմանն ու ջերմացմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հելսինկիի միտրոպոլիտը նաև քաղցրության վերհիշեցին իրենց ուսումնառության տարիները Զագորսկի հոգևոր ակադեմիայում: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպումից հետո Ամբրոսիոս միտրոպոլիտն իր ուղեկիցների հետ Մայր Տաճարում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս