Բաժիններ՝

Բնապահպան. Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է

Մարմարիկ գետի ջրերն ամբարելու համար 2012թ-ին շահագործման հանձնված Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է: Այս մասին «ԷկոԼուրի» ֆեյսբուքյան խմբում գրել է «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամ Մովսես Մանուկյանը` հրապարակելով Մարմարիկի ջրամբարի եւ Մարմարիկի գետի լուսանկարները:

Մովսես Մանուկյանը գրում է.

«Նկարում 25.04.2014թ-ին Մարմարիկի կիսադատարկ ջրամբարն է: Այն 2012թ-ի մայիսի 2-ին Սերժ Սարգսյանի ձեռամբ պաշտոնապես հանձնվեց շահագործման: Նպատակը Մարմարիկ գետի ջրերը ամբարելն էր: Ջրամբարի թողարկման ժամանակ պաշտոնապես հայտարարվեց.

ծախսվել է 9,5 մլն ԱՄՆ դոլար (համաշխարհային բանկի վարկային միջոցներ) եւ 3,1 մլն ԱՄՆ դոլար (ՀՀ պետ. բյուջեից), որի դիմաց պետք է ունենայինք`

1. տարեկան – 23 մլն մ3 ամբարված ջուր (այսքանով պետք է նվազեր Սեւանից ջրի բացթողումները)

2. Մխչյանի պոմպակայանում 10,9 մլն կվտ ժամ էլ. էներգիա պետք է խնայվեր

3. միայն Կոտայքի մարզում 1055 հա հողեր լրացուցիչ պետք է դառնային ոռոգելի:

4. Սեւան –Հրազդան կասկադի հիդրոէլեկտրոկայանները – 21 մլն կվտ ժամ լրացուցիչ էժան հոսանք պետք է արտադրեին:

Հաջորդ երկու նկարներում այսօրվա դրությամբ վարարած Մարմարիկ գետն է մինչեւ ջրամբար լցվելը եւ ջրամբարից հետո: Անզեն աչքով տեսանելի է, որ «ջրերը ուրախ գալիս են, գնում», իսկ Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է:

Ի հետեւություն` ծագում են մի քանի հարցեր.

ա. արդյոք Սեւանից 72,2 մլն խմ լրացուցիչ ջրառի նախատեսվող օրենքում հաշվառված է Մարմարիկի ջրամբարի 23 մլն խմ ջրաքանակը: Իրատեսական հաշվարկով հիշյալ ջրաքանակը դեռեւս 2013թ-ին պետք է նվազեցված լիներ Սեւանից օրենքով նախատեսված 168 մլն խմ-ից:

բ. արդյոք արժանահավա՞տ են լուրերը, թե 12,6 մլն ԱՄՆ դոլար ծախսելուց հետո ջրամբարը ինչպես վթարային կար, այնպես էլ վթարային մնացել է:

գ. Եթե Սերժ Սարգսյանի ձեռամբ ջրամբարի շահագործման արարողության ընթացքում հնչեցրած նախագծային պարամետրերը ցայսօր չեն իրականացվել, ովքե՞ր են մեղավորները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս