Հանրային խորհուրդը քննարկել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
Ապրիլի 17-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Հարցը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը:
ՀԽ անդամները կարևորել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ Հանրային խորհրդում լայն քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ հայեցակարգում առկա են մի շարք խնդիրներ և անորոշություններ: ՀԽ նախագահի առաջարկով որոշվել է կազմել հայեցակարգի այն հարցերի շրջանակը, որոնք քննարկման առարկա կարող են դառնալ՝ մասնավորապես խորհրդարանական համակարգի անցման, դատական ոլորտի, ՏԻՄ համակարգի հետ կապված և այլ փոփոխություններ:
Այդ հարցերը նախ կքննարկվեն ՀԽ փոքր խորհրդի նիստերում, որից հետո բոլոր տեսակետները ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից կամփոփվեն և կձևակերպվեն որոշակի դիրքորոշման շրջանակներում, այնուհետև Հանրային խորհուրդը կկազմակերպի հանրային լայն քննարկումներ՝ այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ:
Նշենք, որ Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս բարձրացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը: Նիստի օրակարգի երկրորդ հատվածում խորհրդի անդամները քննարկել են մինչև սահմանադրական փոփոխությունները և դրանից բխող «Հանրային խորհրդի մասին» համապատասխան օրենքի ընդունումը ՀԽ կառուցվածքին և գործունեությանը վերաբերող հարցեր:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու