Քանի՞ ուժ կա հրաշալի քառյակում

Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերը երեկ, երեք ժամ խորհրդակցելով, քաղաքական որոշում կայացնելու փոխարեն, որոշեցին ընդմիջում վերցնել և խորհրդակցությունը շարունակել երեկոյան:

Ֆորմալ պատճառաբանությունը ժամը 18-ին «Ժառանգության» հրավիրած հանրահավաքն էր «Ազատության» հրապարակում. խորհրդակցությանը մասնակցող «Ժառանգության» ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց մասնակցելու այդ հավաքին: Ի դեպ, երեկ առաջին անգամ «Ժառանգությունից» քառյակի հավաքին Ռուբեն Հակոբյանի հետ մասնակցում էր նաև Թևան Պողոսյանը: Կարելի է կարծել, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս նույն ծավալով չի վստահում Ռուբեն Հակոբյանին և այնտեղ ուզում է ունենալ այլ ներկայացուցիչ ևս: Ռուբեն Հակոբյանը քառյակի ֆորմատը պահպանելու և ամեն գնով համաձայնության հասնելու գաղափարի կողմնակից է, մինչդեռ իրադարձություններն այլ ընթացք կարող են ստանալ:

Քառյակի անդամներն իրենց հանդիպումը շարունակելու են հանրահավաքից հետո, և վստահեցնում են, որ իրենց հաջողվելու է համաձայնության գալ, թեկուզ հավաքը շարունակեն մինչև այսօր առավոտ: Իսկ որոշումը պետք է լինի մի խնդրի շուրջ. ինչպե՞ս են շարունակելու քառյակի ներկայացուցիչներն իրենց համատեղ գործունեությունը, և ի՞նչ խնդիր են իրենց առաջ դնելու: Որովհետև նախկին խնդիրը, որի շուրջ միավորվել էին նրանք`կառավարության հրաժարականը, լուծված է: Ըստ ամենայնի, քառյակի ներկայացուցիչները լուրջ դժվարություններ ունեն միասնական խնդիր առաջադրելու հարցում, և ահա թե ինչու:

Արդեն հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ձևակերպեց այն խնդիրը, որ իր առաջ դրել է իր ղեկավարած կուսակցությունը: Ըստ Հովհաննիսյանի` իրենք ձգտելու են հասնել ամբողջական իշխանափոխության: Խոսելով խորհրդարանական համագործակցության ֆորմատի մասին` նա հայտարարեց, թե ինքը չգիտի` կա՞ խորհրդարանական քառյակ կամ եռյակ, կամ կա՞ արտախորհրդարանական քառյակ և եռյակ: Նա պահանջում էր հանդիպում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՅԴ ղեկավար Հրանտ Մարգարյանի հետ` միասնական օրակարգ և միասնական հրապարակ ձևավորելու և համակարգային փոփոխություններ իրականացնելու համար:

Կարդացեք նաև

Երբ Հովհաննիսյանին հարցրեցին, թե ինչ նկատի ունի` «համակարգային փոփոխություն իրականացնել» ասելով, նա բացատրեց, որ դա վերից վար իշխանափոխությունն է, ընտրությունների արդյունքում իրական ձայներ ստացած իշխանությունների ձևավորումը, որպեսզի` երբ Օբաման կամ Պուտինը փորձեն Հայաստանի իշխանությանն ազգային շահերին չհամապատասխանող որոշում պարտադրել, նրանք կարողանան մերժել և հրաժարվել այդ որոշումից:

Ինչո՞ւ է Հովհաննիսյանը հարցականի տակ դնում խորհրդարանական քառյակի կամ եռյակի գոյությունը: Դրա պատճառը մեկն է. նա հասկանում է, որ իր պահանջն անիրականանալի է, և մյուս երեք կուսակցությունները չեն կարող համախմբվել այդ գաղափարի շուրջ: Ո՛չ ԲՀԿ-ն և ո՛չ էլ ՀՅԴ-ն չեն համարձակվի բարձրացնել նախագահ Սարգսյանի պաշտոնանկության հարցը:

Եվ «Ժառանգությունը» տեսնելով նրանց անվճռականությունը` դուրս կգա քառյակից, հայտարարելով, որ, ահա, այս ուժերը չմիացան միասնական հրապարակին: Հովհաննիսյանը չի ցանկանում ոչ մի փոխզիջում կամ ժամկետների հետաձգում: Ըստ նրա, եթե գործընթացը ձգվի մինչև մայիս, ապա այն կմտնի իր բնականոն հունի մեջ:
Արդյո՞ք խորհրդարանական մյուս երեք խմբակցությունների ներկայացուցիչները և ղեկավարները պատրաստ են պաշտպանելու «Ժառանգության»՝ ամբողջական իշխանափոխության առաջարկը:

Ըստ էության, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է իր հարցազրույցում ներկայացնել փոխզիջումային տարբերակ, որը կարող է բավարարել և ԲՀԿ-ին, և ՀՅԴ-ին, որոնք չեն ցանկանում խոսել ամբողջական իշխանափոխության մասին: Այն առաջին հերթին` նշանակում է` նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջ, և իր էությամբ կարող է նման լինել ամբողջական իշխանափոխության: Տեր-Պետրոսյանը, առաջարկում է շարունակել պայքարել կառավարության դեմ. խորհրդարանում անվստահություն հայտնել ապագա կառավարության ներկայացվելիք ծրագրին և շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել այդ պահանջի կատարումն իրականացնելու համար: Կառավարության ծրագրի մերժումը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որն էլ կարելի է դիտել` որպես ամբողջական իշխանափոխության իրականացման առաջին քայլը:

Արդյո՞ք ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն պատրաստ են պաշտպանելու Տեր-Պետրոսյանի այս փոխզիջումային առաջարկը: Ամենայն հավանականությամբ` ոչ: ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն ասում է, որ իրենց օրակարգում կոալիցիա մտնելու հարց չկա: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ն հրաժարվել է կառավարությանը մաս կազմելուց:

Բայց նույն Ստեփան Մարգարյանը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք համաձայն են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած սցենարին, ըստ որի` խորհրդարանական քառյակը պետք է անվստահություն հայտնի կառավարության ծրագրին և այդ նպատակով շուրջօրյա հանրահավաքներ անցկացնի, պատասխանում է, որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական կարծիքն է, իսկ քառյակն ինքը կորոշի` թե ինչ անել:

Ստեփան Մարգարյանն այդքան կտրուկ է տարանջատվում Տեր-Պետրոսյանի անձնական կարծիքից, քանի որ հասկանում է, որ ռացիոնալ չէ մտածել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարագայում ԲՀԿ-ն կարող է խորհրդարանում անվստահության հարց բարձրացնել, կամ պաշտպանել նրա ներկայացրած կառավարության ծրագրին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը: ԲՀԿ-ն ոչ մի պարագայում չի կարող կազմակերպել կամ ֆինանսավորել Աբրահամյանի ղեկավարած կառավարության ծրագրին անվստահություն հայտնելու գաղափարն աջակցող ուժերի հանրահավաքը:

Եթե անկեղծ լինենք, Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելն այնքան էլ չի հակասում ԲՀԿ առաջնորդի քաղաքական շահերին: ԲՀԿ-ն` չմտնելով կոալիցիա, կարող է պահպանել ընդդիմադիրի իր կերպարը: Օրինակ, վարչապետի հրաժարականը պահանջելու փոխարեն` ԲՀԿ-ականները կարող են պահանջել առանձին նախարարների կամ ամբողջ կառավարության հրաժարականը: Հովիկ Աբրահամյանը, անշուշտ, ըմբռնումով կմոտենա նման պահանջներին` դա համարելով խաղի կանոնների շրջանակներում և խիստ օրինաչափ:

Այնպես որ, ԲՀԿ-ի համար նույնիսկ այս փոխզիջումային տարբերակն է անընդունելի` և նրանք առայժմ կգերադասեն ընդմիջում վերցնել, այնպես, ինչպես երեկ ընդմիջում վերցրեցին խորհրդակցությունը շարունակելու համար:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա պետք է ասել, որ ամենածանրը հենց այս կուսակցության վիճակն է: ՀՅԴ-ականները դեմ չեն լինի անգամ մտնել կոալիցիա, եթե այն լինի «ազգային համաձայնություն» փաթեթավորմամբ: Բայց «ազգային համաձայնության» համար պետք է, որ կոալիցիայում լինի քառյակից ևս մեկը`ԲՀԿ-ն:

ՀՅԴ-ականները հասկանում են, որ ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու պարագայում հասարակական դժգոհության և քննադատության ալիքն ուղղվելու է հենց ԲՀԿ-ի ուղղությամբ, իսկ իրենց հաջողվելու է թաքնվել անկյունում: Հիմա ՀՅԴ-ականներն իրենց տարբերակն են առաջարկում. սպասել, որ ձևավորվի նոր կառավարություն, փորձել անվստահություն հայտնել այդ կառավարության ծրագրին, որը, անշուշտ, կտապալվի, և շարունակել պահանջել այդ կառավարության հրաժարականը` հայտարարելով, որ իրենց համար ոչինչ էլ չի փոխվել, որ այս կառավարությունը նախորդի շարունակությունն է, և այսպես շարունակ:

Այս իմաստով, ՀՅԴ-ի մոտեցումը շատ նման է ԲՀԿ-ի մոտեցմանը, և այդ իմաստով նրանք դաշնակիցներ են: Այս մոտեցման պարագայում հնարավոր է լինում պահպանել քառյակի համագործակցությունը և կրկին անմնացորդ նվիրվել ընդդիմադիր պայքարին:

Միակ հարցն այստեղ այն է, որ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի առաջարկած կամ պատկերացրած սցենարի դեպքում վերջնականապես հեղինակազրկվում է ՀԱԿ-ը: Պատկերացնո՞ւմ եք՝ «Ժառանգությունը» դուրս է գալիս քառյակից` հայտարարելով, որ նրանք բավարար կամք չունեցան հետամուտ լինելու ամբողջական իշխանափոխության իրենց առաջարկած պահանջին և չցանկացան ձևավորել միասնական հրապարակ, այդպիսով դիրքավորվելով` որպես անզիջում և արմատական ընդդիմություն, իսկ ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ` այո, մենք հաղթանակ տարանք` հասնելով Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության հրաժարականին կամ պաշտոնանկությանը, բայց հիմա էլ ուզում ենք հաղթանակի հասնել Հովիկ Աբրահամյանի կառավարության նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս