Գյումրիում բարեգործական կենցաղի տունն անհրաժեշտություն է (լուսանկարներ)
Գյումրու ժամանակավոր կացարանների անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն հիմնելու
Դիմում-կոչ
ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, միջազգային բարեսիրական կազմակերպություններին և բարերարներին
Դուք անտարակույս քաջատեղյակ եք, որ Գյումրիում դեռ շուրջ 4000 ընտանիքներ բնակվում են վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում և կիսախարխուլ շենք-շինություններում: Նրանցից հարյուրավորները, հատկապես միայնակ տարեցները, միայնակ մայրերն ու բազմազավակ ընտանիքները, գոյատևելով սոցիալապես ծանր պայմաններում, զուրկ են կոմունալ-կենցաղային տարրական, անգամ լողանալու և լվացք անելու հնարավորություններից: Մեր ամենօրյա շփումները, դիտարկումներն ու նրանց կարիքների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաղուց է հասունացել անօթևան և անապահով, հիմնականում սոցիալական նպաստով գոյատևող ընտանիքներին անվճար սպասարկելու նպատակով բարեգործական կենցաղի տան հիմնման ու գործարկման անհրաժեշտությունը, իսկ կոմունալ ծախսերի թանկացման պայմաններում խնդիրն ուղղակի հրատապ է դարձել: Կարծում ենք՝ լավագույն տարբերակը կլինի, եթե բարեգործական սպասարկման առաջարկվող կառույցում լինեն լոգասենյակներ, լվացքատուն, վարսավիրանոց, կար ու ձևի և կոշիկների վերանորոգման ծառայություններ:
Ի հավելումն նշենք, որ Գյումրիում տիրող համատարած գործազրկության պայմաններում առաջարկվող ծրագրի իրագործմամբ ոչ միայն զգալիորեն կթեթևանան անօթևան և անապահով ընտանիքների առօրյա հոգսերը, նրանք և նրանց երեխաները զերծ կմնան պարբերաբար կրկնվող վարակիչ հիվանդություններից ու համաճարակներից, այլ նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր:
«Շիրակ կենտրոն» ՀԿ