Ներքաղաքական առումով Հովիկ Աբրահամյանը կարող է ամենաձեռնտուն լինել Սերժ Սարգսյանին «ՀԺ»

ՀԺ-ն գրում է. «Վարչապետության թեկնածուների շուրջ կանխատեսումների էնտուզիազմը Տիգրան Սարգսյանի հրաժարականից հինգ օր անց բնականաբար խամրել է: Վերջին օրերին նոր անուններ չեն տրվել, քննարկումները շարունակվում են նախկինում հիշատակված անունների շրջանակներում: Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նախորդ երկու օրերի ընթացքում առաջատար թեկնածուի կարգավիճակ ստացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իշխանության միջանցքներում պնդում են նույնիսկ, թե որոշումն արդեն կայացված է:
Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական վերջին ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն է, ՀՀԿ ամենաազդեցիկ դեմքը՝ Սերժ Սարգսյանից հետո, և նրա թեկնածությունը անակնկալ համարել չի կարելի: Բայց Աբրահամյանը ֆավորիտ չէր համարվում, որովհետև նախ ՀՀԿ-ականները սկզբնական շրջանում կարծես խոսում էին ոչ ՀՀԿ-ական վարչապետի մասին, իսկ Սերժ Սարգսյանը, Կենտրոնական բանկում խոսելով ապագա կառավարության մասին, ասել էր. «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել»:
Այս նկարագրի մեջ է, ահա, որ Հովիկ Աբրահամյան վարչապետը չի տեղավորվում, թե չէ՝ եթե այլ պարամետրերով վերցնենք, և հաշվի առնենք, որ խորհրդարանական մեծամասնությունն է առաջադրում վարչապետի թեկնածուին, Հովիկ Աբրահամյանը կդառնա ամենահավանական թեկնածու: Իսկ ահա իշխանության նկատմամբ անվստահությունը մեղմելու իմաստով դժվար է Աբրահամյանի մասին որևէ լավ բան ասել, որովհետև նա մարմնավորում է այն բոլոր բացասականը, որ գոյություն ունի Հայաստանի իշխանության վերնախավում: Ներքաղաքական առումով, չնայած, Աբրահամյանը կարող է ամենաձեռնտուն լինել Սերժ Սարգսյանին: Նա հսկայական ազդեցություն ունի ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի վրա, նրա վարչապետության պարագայում ՀՀԿ-ի ճաքեր տալու մասին խոսակցությունները էլ ավելի անհեթեթ կդառնան, Աբրահամյանը իր ձեռքերում կենտրոնացած կպահի նաև օլիգարխիկ համակարգը և այսպիսով՝ իշխանական բուրգը կզգաստանա, կձգվի՝ սրանից բխող հետևանքներով»:

Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս