ԲՀԿ-ն պայքարն ավարտեց, թե՞ նոր է սկսվում «Ժամանակ»
Քանի որ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի քննադատության թիրախն էր, «Ժամանակը» մի քանի հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին:
Ի դեպ, վերջինս չի բացառում, որ ԲՀԿ-ն կարող է լինել ազգային համաձայնության կառավարության կազմում:
– Պարոն Արսենյան, Տիգրան Սարգսյանի կամավոր հրաժարականը նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն մյուս ուժերի հետ վայր կդնի զենքերը և այլևս պայքարի դուրս չի գա:
– Ո՛չ, ԲՀԿ-ն չէր պայքարում Տիգրան Սարգսյանի անձի դեմ, ԲՀԿ-ն պայքարում էր այն քաղաքականության դեմ, որը կործանում էր երկիրը: Եթե նոր կառավարության գործունեությունն արդյունավետ կլինի, մենք կողջունենք: Եթե կլինի ի վնաս Հայաստանի, այդ ժամանակ կքննադատենք ու կպայքարենք, ինչի մասին է խոսքը:
– Եթե ազգային համաձայնության կառավարություն լինի, ԲՀԿ-ն կցանկանա՞ ազգային համաձայնության կառավարության կազմում լինել:
– Մենք միշտ էլ դրա մասին խոսել ենք, բայց ազգային համաձայնության կառավարությունը պետք է ձևավորվի նպատակների շուրջ, ոչ թե անձերի: Եթե նպատակները մեր համար լինեն ընկալելի, մենք միշտ էլ պատրաստ ենք քաղաքական ցանկացած ուժերի հետ ձեռնամուխ լինել քայլերի, որ երկիրը հանենք այն վիճակից, որը մենք գնահատում ենք բացասական:
– Կարելի՞ է ասել, որ ԲՀԿ-ն հասավ իր ուզածին, նպատակին:
– Գնահատականները տվեք դուք արդեն: Մենք պայքարում ենք, որ երկրում փոխվեն կառավարության գործունեության նպատակները: Մեր պայքարը դրան է ուղղված:
– Պարոն Արսենյան, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Սերժ Սարգսյանը հաջորդ վարչապետի թեկնածությունը քննարկելու է ԱԺ մեծամասնության ու ԱԺ խմբակցությունների հետ: ԲՀԿ-ն ի՞նչ է առաջարկելու և ո՞ւմ թեկնածությունը Ձեզ համար ընդունելի կլինի:
– Մեզ համար ամենակարևորը ոչ թե վարչապետի թեկնածուն է, այլ թե ինչ ծրագրով է ինքը հանդես գալու: Մենք պնդում ենք, որ պետք է փոխվի ծրագիրը:
– Ասել է թե, ըստ Ձեզ` ապագա կառավարության ծրագրում պետք է ներառվի նաև ԲՀԿ ծրագիրը:
– Այդ ծրագրում պետք է ներառվի այն գլոբալ խնդիրների լուծումը, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առաջ և ստեղծում են գլոբալ պրոբլեմներ: Այդ խնդիրների լուծումը պետք է ներառվի ծրագրում:
– Ի վերջո, Ձեր կարծիքով, ի՞նչն էր պատճառը, որ նման անսպասելի հրաժարական եղավ, երբ դեռ քաղաքական պայքարի էսկալացիա չկար, ակցիաները դեռ չէին սկսվել:
– Ի՞նչն էր անսպասելի: Էդ ամեն ինչը, ինչը որ հիմա տեղի է ունեցել, դրա հիմքում ընկած է եղել ձախողված քաղաքականությունը, որը վարում էր կառավարությունը:
– Համոզվա՞ծ եք, որ հաջորդ վարչապետը, որին կներկայացնի Սերժ Սարգսյանը, այլ ծրագիր կներկայացնի կամ ավելի արհեստավարժ կլինի:
– Համենայնդեպս, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի կառավարության այն ծրագիրը, որը ներկայացվելու է ԱԺ հավանությանը, լինի ավելի արդյունավետ ՀՀ քաղաքացիների ու երկրի համար:
– Կարո՞ղ եք մի քանի անուններ նշել, որոնք ընդունելի կլինեն Ձեր կամ ԲՀԿ-ի համար:
– Անուններ կարող եմ տասնյակ նշել, սակայն չեմ կարծում, որ հիմա մեր առաջ կանգնած գլոբալ հարցը հենց էդ անունների մեջ է: Էնպես չի, որ Հայաստանը կանգնած է կադրային ողբերգական սովի առջև:
– Այս ընթացքում, երբ ԲՀԿ-ն այլ ուժերի հետ վարչապետի հրաժարականի պահանջի միամսյակ էր հայտարարել, վարչապետի որևէ ընդունելի թեկնածու քննարկե՞լ է:
– Դեռ չի քննարկվել, որովհետև տեր վռազը հո չենք: Մենք դրել էինք կառավարության հրաժարականի հարցը: Բնականաբար, այդ հարցը մեջտեղից դուրս եկավ, որովհետև տեղի ունեցավ կառավարության ղեկավարի կամավոր հրաժարական: Մենք գտնվում ենք մի փուլում, որը կոչվում է սպասողական: Հասկանանք, թե մեծամասնությունն ի՞նչ է առաջարկում քաղաքական ուժերին: Տիգրան Սարգսյանը մեր համար ինքնանպատակ չէր, մենք ասում էինք՝ երկրի տնտեսական քաղաքականության ուղեծիրը փոխեք, երկրի քաղաքացիների նկատմամբ մտահոգություն ցուցաբերեք: Տիգրան Սարգսյանի լինել-չլինելու հարցը մեր համար կյանքի գլոբալ նպատակ չէր:
– Սակայն հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի քննադատության հիմնական թիրախը Տիգրան Սարգսյանն էր:
– Կառավարության ղեկավարն էր, կառավարության ղեկավարի վերաբերյալ քննադատությունը հնչում էր:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։



