Հովհաննես Սահակյան. Մենք մեր հանրահավաքներ վաղուց արել ենք, ով չի արել՝ թող նա անի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը դժվարանում է վերլուծել պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը: 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ՍԴ այն որոշմանը, թե պարտադիր կուտակային հոդվածների սահմանադրականության հարցով վիճարկվող դրույթները ճանաչվում են ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, Հովհաննես Սահակյանը պատասխանեց.

«Նախ մանրամասն դեռևս չեմ հասցրել ծանոթանալ որոշմանը, որովհետև րոպեներ առաջ են այն հրապարակել, ուստի չեմ կարող որևէ հիմնավոր բան ասել: Միայն կարող եմ նշել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մենք նույն տեսակետն ունենք, նույն կարծիքն ունենք, որ իրավական պետություն ենք և ՍԴ որոշումը բոլորի համար պարտադիր է՝ անկախ նրանից ՍԴ-ն հակասահմանադրակա՞ն, թե՞ սահմանադրական կճանաչի օրենքը: Որքանով տեղյակ եմ՝ մինչև սեպտեմբերի 31-ը պետք է վերանայվեն հոդվածները, այնպես որ…»:

Մեր ճշտող հարցին, թե ստացվում է, որ անկախ ՍԴ որոշումից ՀՀԿ-ն շարունակում է համարել, որ օրենքը սահմանադրակա՞ն է, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մենք մեր կարծիքը չենք փոխել հետևյալի մասին, որ մենք իրավական պետություն ենք և ՍԴ ցանկացած որոշում բոլորի համար պարտադիր է: Ես նորից ասեմ, որ չեմ հասցրել ուսումնասիրել: Դուք րոպեներ անց զանգահարել եք… դա բավական լուրջ, ծավալուն փաստաթուղթ է, որը պետք է նստել, նայել… Կրկնում եմ՝ ՍԴ որոշումները պարտադիր են»:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում տարածվող կատակներին, թե ՍԴ այս որոշումից հետո ՀՀԿ-ն ու ՀՀ կառավարությունն են բողոքի ակցիաներ իրականացնելու, Հ. Սահակյանն ասաց. «Ես կցանկանամ, որ ամենն ինչ տեղի ունեցավ՝ հումորի, սարկազմի չվերածվի: ՀՀԿ-ն մշտապես եղել է ժողովրդի կողքին, և այս մասին բազմաթիվ փաստարկներ, ապացույցներ առկա են»:

Մեր ճշտող հարցին, թե բողոքի ակցիա կամ հանրահավաք չե՞ք անցկացնի, նա այսպես արձագանքեց. «Մենք մեր հանրահավաքներ վաղուց արել ենք, ով չի արել՝ թող նա անի»:

Տեսանյութեր

Լրահոս