Լուսաբանելու նյութ կլինի. «Առավոտ»
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Ոչ իշխանական» քառյակը որոշել է ապրիլի 28-ից սկսած երեք օր անընդմեջ հանրահավաքներ անել՝ կառավարության հրաժարականի պահանջով: Հենց այդ ժամանակ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը քննարկվելու Ազգային ժողովում՝ միանգամայն կանխատեսելի քվեարկությամբ: Պարզ է, որ «ոչ իշխանական» կուսակցություններից մեկն ունի այն բոլոր նյութական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են մարդկանց բերելու և երեք օր Ազատության հրապարակում պահելու: Մեր՝ լրագրողներիս տեսանկյունից դա, անշուշտ, խիստ ողջունելի նախաձեռնություն է՝ լուսաբանելու նյութ կա: Մենք հարցնելու ենք հանրապետականներին՝ ինչպե՞ս են նրանք վերաբերվում այդ նախաձեռնությանը, և նրանք, իրենց հատուկ հռետորական ոճով, մի երկու սարկաստիկ խոսք կասեն դրա մասին: Հետո մենք կհարցնենք «ոչ իշխանականներին»՝ ինչպե՞ս եք դուք վերաբերվում հանրապետականների սարկազմին, և նրանք կպատասխանեն, որ այն հիստերիան, որը բարձրացրել են որոշ քաղաքական ուժեր սպասվող հանրահավաքի առթիվ, աներկբայորեն վկայում է այն մասին, որ ռեժիմը ահուսարսափի մեջ է հասարակական կոնսոլիդացիայից:
Իրականում նման իրադարձություններին պետք է վերաբերվել ավելի սովորական՝ որպես քաղաքական առօրյայի: Ով ինչ ուզում է՝ թող ասի, բայց Հայաստանում կա հավաքների ազատություն, և մարդիկ լիակատար իրավունք ունեն պահանջելու ցանկացած բան, այդ թվում՝ կառավարության հրաժարական: Արևմտյան և նույնիսկ Արևելյան Եվրոպայում նման բան տեղի է ունենում բավականին հաճախ: (Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում կամ Ռուսաստանում դա հնարավոր չէ): Երբեմն այդ հանրահավաքները պսակվում են հաջողությամբ, երբեմն՝ ոչ»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։