Քեսաբ կգնան միայն կամավորները
Հարցազրույց «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանի հետ
– Մեր տեղեկություններով` Ձեր ղեկավարած կազմակերպության որոշ անդամներ ևս ցանկություն են հայտնել միանալ այն կամավորական ջոկատին, որը կազմավորվում է Հայաստանում քեսաբահայության ինքնապաշտպանությանը մասնակցելու նպատակով: Որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները:
– Այո, այդ տեղեկությունը ճիշտ է, Քեսաբ մեկնելու և այնտեղի ինքնապաշտպանությանը մասնակցելու ցանկություն ունեցողների թիվն իսկապես մեծ է, այդ թվում` նաև մեր հասարակական կազմակերպության անդամների շրջանում: Թուրքիայի կողմից հերթական անգամ հարձակում է կազմակերպվում հայկական բնակավայրերի վրա, և հայության հերթական կոտորածը թույլ չտալու համար պետք է, որ հայաստանցիները ևս իրենց մասնակցությունն ունենան քեսաբահայության պաշտպանությանը, ինչպես ժամանակին սփյուռքից եկած տղաները մասնակցեցին Արցախի ինքնապաշտպանությանը:
Այնպես որ, որպես հայ մարդ` մենք պետք է մասնակցենք նաև Հայաստանից դուրս ապրող հայերի ինքնապաշտպանությանը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մարդիկ կան, ովքեր հնարավորություն ունեն և սատար են կանգնում նյութապես, մյուսները` բարոյապես, իսկ մենք հնարավորություն ունենք ֆիզիկապես սատար կանգնելու քեսաբահայությանը:
– Ձեր ղեկավարած կազմակերպության քանի՞ անդամ է ցանկություն հայտնել միանալ այդ ջոկատին:
– Այդ թիվը գաղտնի է, և իմաստ չունի ինչ-որ թվեր հրապարակել, կարող եմ ասել որ նման ցանկություն ունեցողների թիվը շատ մեծ է: Պետք է նկատի ունենանք, որ մենք գործ ունենք այլ պետության` Սիրայի հետ, որի բանակը ևս ամեն ինչ անում է քեսաբահայությանը պաշտպանելու համար: Ուղղակի մեր խնդին է լինելու մեր մասնակցությամբ ցույց տալ, որ հայերը որտեղ էլ ապրեն՝ պետք է պատրաստ լինեն դժվար պահին իրար օգնության հասնել:
– Չե՞ք կարծում, որ Սիրիայում ընթացող պատերազմին մասնակցելու համար հատուկ պատրաստություն է հարկավոր գործին օգուտ տալու և անիմաստ զոհերից խուսափելու համար:
– Նորից եմ կրկնում, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են մեկնել Սիրիա, դա անում են իրենց ցանկությամբ, նրանց որևէ մեկը չի համոզում կամ պարտադրում: Իհարկե, հատուկ պատրաստություն պետք է, բայց այդ հարցերն իմաստ չունի թերթի էջերում քննարկել:
– «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է կառավարությունը փոխելու միամսյակ և կոչ է արել նաև հասարակական կազմակերպություններին միանալ այդ նպատակը իրականացնելու համար ստեղծված միասնական շտաբին: Տեղեկություններ կան, որ ձեր ղեկավարած հասարակական կազմակերպությունը կարող է արձագանքել այդ կոչին և որոշակի դերակատարություն ստանձնել:
– Տարիներ շարունակ մամուլն ինձ և մեր հասարակական կազմակերպությունը փորձել է կապել ԲՀԿ-ի հետ և մեզ մեղադրել են ԲՀԿ-ի կողմից ուղղորդվելու մեջ: Պետք է ասեմ, որ ես ոչ ֆինանսապես, ոչ նյութապես, ոչ ֆիզիկապես և ոչ էլ բարոյապես որևէ մեկից կախվածություն չունեմ, և այդ պատճառով որևէ մեկը չի կարող ինձ ուղղորդել: Կարող եմ ասել, որ դեռ չի ծնվել մի մարդ, ով կարող է ինձ ուղղորդել, ես ունեմ իմ գաղափարները, իմ խելքը և ունեմ հրամանատարական խորհուրդ, որի որոշումներով էլ առաջնորդվում է կազմակերպությունը: Մենք` որպես ազգի զինվոր, պատրաստ ենք լինել հայրենիքի պաշտպանության դիրքերում, բայց ոչ թե այս կամ այն կուսակցական խաղերում:
– Կարո՞ղ է հրամանատարական խորհուրդը որոշի, որ պետք է միանալ ԲՀԿ-ի նախաձեռնած շարժմանը:
– Մենք քաղաքական գործիչներ չենք և չունենք քաղաքական նպատակներ: Մեր կազմակերպությունը զբաղվում է հասարակական գործունեությամբ. մենք հայտարարել ենք, որ մենք ազգի զինվորներ ենք, կանգնած ենք պետության և պետականության պաշտպանության դիրքերում և չենք ուզում ներքաշվել ներկուսակցական ինտրիգների մեջ:
– Անընդհատ խոսվում է ԵԿՄ-ին հակակշիռ ազատամարտիկների կառույց ձևավորելու մասին: Հնարավո՞ր է, որ Դուք էլ միանաք այդ նախաձեռնություններին, մանավանդ որ, ըստ մամուլի հրապարակումների՝ լարված հարաբերություններ ունեք ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ:
– Դարձյալ ստահոդ, իրականությանը չհամապատասխանող լուրեր են: Մամուլով ապատեղեկատվություն տարածելու միջոցով որոշ մարդիկ փորձում են ինձ թշնամացնել Մանվել Գրիգորյանի հետ, բայց ես միշտ էլ ասել եմ, որ հարգանքով եմ վերաբերվում Մանվել Գրիգորյանի անցած մարտական ուղուն, նրա հետ ոչ անձնական և ոչ էլ այլ բնույթի խնդիր չեմ ունեցել և չեմ էլ ունենալու:
Որքան էլ որ որոշ ուժեր փորձեն սեպ խրել իմ և Մանվել Գրիգորյանի միջև, դա իրենց չի հաջողվելու: Ուզում եմ հիշեցնել, որ դեռ ԵԿՄ համագումարից առաջ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ԵԿՄ-ի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու համար կարևորում եմ, որ կազմակերպությունը շարունակի ղեկավարել Մանվել Գրիգորյանը, որին ես այլընտրանք չեմ տեսնում:
Ինչ վերաբերում է ինչ-ինչ կառույցների, ուժերի միանալու մասին Ձեր հարցին, ապա ասեմ՝ եթե մեր կազմակերպությունը երբևէ որոշի միանալ որևէ նախաձեռնության, ապա մենք ինքներս այդ մասին բացեիբաց կհայտարարենք, և երբեք երկակի խաղերի մեջ չենք մտնի: