Ալեքսանդր Արզումանյան. Այն, որ մենք ռեժիմ ենք դառնում, ցույց են տալիս մեր ամենակարևոր բարեկամ երկրները՝ Զիմբաբվեն, Վենեսուելան և այլք…
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ԶԼՄ-ների ոլորտը կարգավորելը ճիշտ է, բայց ժամանակավրեպ:
«Մեր երկրում համար մեկ պրոբլեմը այս պահին լրատվամիջոցներում, քոմենթներում մարդուն զրպարտե՞լն է… Ուրիշ դարդուցավ չունե՞նք էս պահին, նստենք-քննարկենք… Ո՞ւմ ենք մենք պաշտպանում զրպարտությունից, զրպարտություն մենք հասկանում ենք պաշտոնյա, հա՞, պատգամավոր, նախարար կամ շոուբիզնեսի ներկայացուցիչ, մարդիկ, որոնց հանդեպ նախանձ կա, կյանքի նկատմամբ հետաքրքրություն կա, ինչ ասես իրանց մասին գրում են:
Սա ամբողջ աշխարհում ընդունված գինն է հայտնի լինելու համար, որ վճարում է մարդը, ու սա կարող է դառնալ մահակ ընդդիմադիր խոսքի, ընդդիմադիր լրատվամիջոցները փակելու համար, սա է հիմնական մտահոգությունը»:
Քանի որ օրինագծի հիմնական զեկույցող Արփինե Հովհաննիսյանը միջազգային փորձի մասին խոսելիս մեջբերել էր Մեծ Բրիտանիայի փորձը, Ալ. Արզումանյանն ասաց, թե Մեծ Բրիտանիայի դատական համակարգը աշխարհի ամենափայլուն, անաչառ դատական համակարգն ունի, ապա դիմելով իշխանությանը՝ նշեց. «Նախ դուք իրենց պես հազարամյա ժողովրդավարության ճանապարհը անցեք, գեթ մեկ ատյանի որևէ դատարան ստեղծեք, որը անաչառության գոնե մի նշույլ ունենա: Այս դատական համակարգում, համատարած կոռուպցիայի համակարգում տալիս ենք հնարավոր լուծում պետական պաշտոնյային՝ ևս մեկ անգամ մահակն օգտագործի այն լրատվամիջոցի նկատմամբ, որն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, սա ժողովրդավարության խեղդելու, ազատ խոսքը խեղդելու ևս մեկ հնարավորություն է ռեժիմների ձեռքում: Իսկ այն, որ մենք ռեժիմ ենք դառնում, ցույց են տալիս մեր ամենակարևոր բարեկամ երկրները՝ Զիմբաբվեն, Վենեսուելան և այլք…»: