Առանց կրթության զարգացման տնտեսությունը չի կարող զարգանալ. Տատյանա Վալովայա
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կենտրոնացել է հիմնականում տնտեսական հարցերի վրա, բաց կրթության խնդիրը նույնպես կարևոր է և պետք է մեր պետությունների քաղաքացիները կարողանան կրթվել և մեր երկրների տարածքներում շարժուն լինել»,- այսօր ՀՀԿ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայացուցիչ Տատյանա Վալովայան՝ պատասխանելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հարցին, թե արդյոք Եվրասիական տնտեսական տարածքում կրթական միասնական ծրագրեր կլինե՞ն:
Ամեն դեպքում, ըստ Տ.Վալովայայի, տնտեսական հետագա զարգացում չի կարող լինել, եթե հարակից ոլորտներում զարգացում չլինի, և առաջին հերթին կրթությունն է: Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունների ժամանակը շուտով կգա, տնտեսական միասնական գոտին կանդրադառնա այդ ամենին:
Տ.Վալովայան կարևորեց ասպիրանտների և ուսանողների շարժունակությունը. «Մենք բոլորս դեռ միասնական կրթական դպրոցի սաներ ենք, կարևոր է, որ մեր հետագա սերունդը ունենա ընդհանուր ծանոթների ցանց, կարողանան մեկնել այլ երկրներ և սովորել: Եթե ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնի նման գործընթացներ, լավ կլինի»: