Մեղավոր է ճանաչվել գիշերային ակումբի պարասրահում հարվածներ հասցնելու, խուլիգանություն կատարելու մեջ

Գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող 23-ամյա երիտասարդը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Դատաքննությամբ դատարանն ապացուցված է համարել, որ երեք երիտասարդների հետ  Այգավան գյուղում գործող գիշերային ակումբում է գտնվել 23-ամյա երիտասարդը: Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ ակումբում գտնվող երիտասարդներից մեկը մոտեցել է 23-ամյա երիտասարդի հետ զրուցող երաժշտին՝ նրան հրաժեշտ տալու նպատակով, իսկ 23-ամյա երիտասարդը նրան նկատողություն է արել՝ խոսակցությունն ընդհատելու համար: Այդ կապակցությամբ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որին միջամտել են այլ անձինք՝ փորձելով պարզել վիճաբանության պատճառը:

Ըստ դատարանի վճռի՝ 23-ամյա երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր անձի առավելությունը ցույց տալու, շրջապատին հակադրվելու, շրջապատի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցադրելու ցանկությամբ, խուլիգանական մղումներով՝ հասարակական վայր հանդիսացող գիշերային ակումբի միջանցքում ձեռքով հարվածել է  երիտասարդներից մեկի դեմքին և վազելով մտել պարասրահ, որտեղ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ պարային համար են ցուցադրել գիշերային ակումբի պարուհիները: Ըստ դատարանի՝ երկու երիտասարդներ վազել են նրա ետևից՝ պարզելու համար իրենցից մեկին հարվածելու պատճառը:

Պարասրահ մտնելով՝ 23-ամյա երիտասարդը խմբի կազմում խուլիգանություն է կատարել՝  անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ: Ըստ դատարանի՝ վիճաբանության ընթացքում 23-ամյա երիտասարդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 15 րոպե հայհոյանքներ է տվել, որպես զենք օգտագործված գարեջրի շշերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մի երիտասարդի՝  նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ 23-ամյա երիտասարդն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ դեպքի օրը գտնվել է Այգավան գյուղի գիշերային ակումբում, սակայն եղել է ալկոհոլի ազդեցության տակ, չափազանց հարբած վիճակում և չի հիշում, թե ինչ է կատարել այդ օրն ակումբում: Հնարավոր է, որ ինչ-որ անձի կամ անձանց հետ կռված լինի, սակայն, եթե այդ օրն ինչ-որ մեկի հետ կռվել է , ուրեմն լուրջ պատճառներ է ունեցել, քանի որ առանց պատճառի կյանքում ոչ ոքի չէր հարվածի և չէր հայհոյի:

Դատարանը, սակայն, նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման: Նշենք, որ առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս