Ռուսաստանի ԱԳՆ-ն Քեսապի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի արտգործնախարարությունը Քեսապի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ իրադրությունը Սիրիայում վերջին օրերին բնութագրվում է լարվածության կտրուկ սրմամբ կառավարական ուժերի և անօրինական զինված խմբավորումների միջև, որոնք փորձում են վրեժխնդիր լինել վերջերս կրած պարտությունների շարքի համար:
«Հիմնական իրադարձությունները ծավալվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Մարտի 21-ին «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար ալ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսապի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկողի հավաստման, տեղի է ունեցել հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսապի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսապի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթաքիա:
Ծայրահեղականների առաջացումը դեպի Լաթաքիա, որը Քեսապից 65 կմ հեռավորության վրա է, կանգնեցվել է: Հարձակումը սպառնում էր նաև Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման միջազգային օպերացիային: Սիրիացի զինվորականները զինյալներից հետ են վերցրել ռազմավարական կարևոր բարձունքներ և մտադիր են մոտ ժամանակներս վերջ դնել զինված խմբավորումների առաջխաղացմանը և վերականգնել վերահսկողությունը Քեսապի սահմանային անցակետում՝ Թուրքիայի սահմանի մոտ:
Քեսապ քաղաքի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին: Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ տեղի է ունեցել ցույց՝ Սիրիայում անօրինական զինված խմբավորումների կողմից ազգային և կրոնադավանական փոքրամասնությունների հետապնդմանը վերջ դնելու պահանջով: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ բնակչության պաշտպանության համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է արել ճնշում գործադրել Անկարայի վրա և նրան ստիպել դադարեցնել աջակցությունը զինյալներին, որոնք հարձակվել են Քեսապի խաղաղ բնակչության վրա»,- նշված է հայտարարության մեջ: