Մեկնարկեց «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տարածումը 70 համայնքում» նախաձեռնությունը

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող  «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մեկնարկում է  «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տարածումը 70 համայնքում» նախաձեռնության նոր փուլը, որով հանրապետության  եւս 70 համայնք  կմիանա Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին:

Այսօր նախաձեռնության նոր փուլի մեկնարկն ազդարարող միջոցառմանը ներկա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ողջունեց ձեռնարկը` նշելով, որ այն համահունչ է կառավարության որդեգրած քաղաքականությանը, որով կարեւորվում է համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային համակարգերի ներդրումը: « ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարումը էականորեն կնպաստի համայնքային ծառայությունների որակի բարձրացմանը, աշխատանքների արդյունավետ  կազմակերպմանը, ինչպես նաեւ տեղական մակարդակում  որոշումների կայացման թափանցիկությանը»,-ընդգծեց Ա. Գեւորգյանը:

Փոխվարչապետի խոսքով` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ներկայումս ներդրված է հանրապետության 512 համայնքում,  եւ իրականացվող աշխատանքները թույլ են տալիս հուսալ, որ առաջիկա 2-3 տարում հանրապետության բոլոր համայնքներն արդեն կօգտվեն էլեկտրոնային կառավարման համակարգերից:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպությանը` ինչպես տեղական ժողովրդավարության զարգացմանը, այնպես էլ ընթացիկ ծրագրերին ու  բարեփոխումներին հետեւողական աջակցություն ցուցաբերելու համար:

«Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Հիլքե Էբերտը նույնպես արդյունավետ համարեց կատարված աշխատանքները` վստահություն հայտնելով, որ նախաձեռնության  նոր փուլը նույնպես հաջողությամբ կիրականացվի:

Միջոցառմանը ներկա էին շահառու համայնքների ղեկավարներ, ՀԿՏՀ-ի կիրառման համար պատասխանատու աշխատակիցներ, որոնց ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին  համակարգի ներդրման եւ կիրառման առանձնահատկությունները:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տեսանյութեր

Լրահոս