Մտեք քաղաքականություն. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Մարտի 22-ի հանրահավաքին հակասական զգացումներ ունեի: Նախ ուրախ էի, որ երիտասարդների նախաձեռնությունը չտապալվեց, եւ հանրահավաքը կայացավ: Ի վերջո, պայքարի յուրաքանչյուր փորձ ողջունելի է եւ հարգանքի արժանի: Նաեւ հպարտանում էի, որ մեր երկրում այսպիսի երիտասարդ սերունդ է մեծանում՝ գրագետ, խելացի, անվախ, պայքարող:
«Դեմ եմ»-ի տղաներին լսելիս մտածում էի, որ մեր քաղաքական գործիչներից շատերը չեն կարող մրցել նրանց հետ իրենց գրագիտությամբ, հասունությամբ, հռետորական ունակություններով, խոսքի ազնվությամբ:
Բայց ցավալի է, որ նրանց պայքարի արեալը սահմանափակվում է սեփական բարեկեցության պարագծում: Նրանք սարսափում են պայքարի «քաղաքականացումից», մինչդեռ մեր երկրի բարեկեցությունն ու ապագան կախված են ոչ թե մասնավոր օրենքներից՝ ինչպես կուտակայինն է, այլ քաղաքական գլոբալ գործընթացներից: Ոչ մի երկիր չի կարող առաջ շարժվել, եթե նորմալ ընտրություններ, ազատ մրցակցային դաշտ, հավասար հնարավորություններ չի ապահովում իր քաղաքացիների համար: Իսկ դրանք բոլորը քաղաքական խնդիրներ են՝ քաղաքական գործընթացներից կախված: Հասկանալի է, որ երկու տասնամյակ շարունակ մեզանում վարկաբեկել ու ոչնչացրել են քաղաքական դաշտը՝ այնպես, որ «կուսակցություններ» բառը լսելիս մարդիկ արդեն զզվանք են ապրում:
Սակայն քաղաքական գործունեության միակ միջոցն աշխարհում եղել եւ մնում են կուսակցությունները, եւ որքան էլ երիտասարդությունը խորշի այդ գործունեությունից, եթե իսկապես «նրանք են տերն այս երկրի» և որոշել են ապրել ու ստեղծագործել այստեղ, պետք է մտնեն քաղաքականություն:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։