Դերենիկ Դումանյանը այցելել է Շիրակի մարզ
«Աշխատանքային իմ օրը Շիրակի մարզում եմ անցկացնում, որպեսզի տեղում խորությամբ ծանոթանամ մեր երկրում գերակա համարվող ծննդօգնության, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունում առկա մի շարք խնդիրներին, և ինձ ուղեկցող մասնագետների և մարզպետի հետ համատեղ քննարկումների արդյունքում փորձենք օպտիմալ լուծումներ գտնել»,- ասաց Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նախարարն առաջինը եղավ Ախուրյանի Հայ օգնության միության մոր և մանկան առողջության կենտրոնում։
Հիմնադրումից ի վեր այստեղ ամեն տարի 1100-1200 ծնունդ է արձանագրվում` մարզում ամենաբարձր ցուցանիշը։ Դա մի կողմից բացատվում է մասնագետների լավ պատրասված թիմի նկատմամբ վստահությամբ, մյուս կողմից` տեխնիկական հագեցվածությամբ ու պայմաններով։ Ախուրյանի և մերձակա գյուղերի 3350 երեխայի պոլիկլինիկական սպասարկումն իրականացնում են փորձառու մանկաբույժները։ Ի լրումն ախտորոշիչ ծավալուն հետազոտությունների` այստեղ հսկվող հղիների համար ստոմատոլոգիական ծառայություն է կազմակերպվել։
Կենտրոնի պոլիկլինիկական հատվածում Դերենիկ Դումանյանը ծանոթացավ պատվաստումների իրականացման ընթացքին։ Ընդգծելով իմունականխարգելման ազգային ծրագրի կարևորությունն ու արդյունավետությունը` նախարարը ներկա ծնողներին վստահեցրեց, որ մշտապես ձեռք են բերվում ամենաորակյալ ու անվտանգ պատվաստանյութերը։
«Երեխաներին վտանգավոր հիվանդություններից զերծ պահելու համար մենք երբեք միջոցներ չենք խնայելու։ Անգամ եթե խոսքը շատ փոքր թվով թերհաս նորածինների զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծմանն է վերաբերում»,-ասաց նախարարը։
Իրականացվող ծառայությունների ծավալներին ու որակին, մասնագիտական ներուժին, բժշկական սարքավորումներով հագեցվածությանը մանրամասն ծանոթանալուց հետո Դերենիկ Դումանյանը նկատեց, որ երկրորդ վիրահատարանը վերագործարկելուց և որոշ թերություններ շտկելուց հետո կենտրոնը կարող է հավակնել երկրորդ մակարդակի ծննդատան կարգավիճակ ստանալուն։
«Մենք հակված ենք բոլոր մարզերում երկրորդ մակարդակի ծննդատներ ունենալու, որպեսզի հղիները որոշակի բարդության դեպքում ծառայությունները տեղում ստանան։ Միաժամանակ այդ կարգավիճակը բուժհիմնարկին լրացուցիչ ֆինանսներ` հետևաբար զարգացման հնարավորություններ կապահովի»,- նշեց նախարարը:
Այնուհետև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Գյումրու ծննդատանը և Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում։
Նախկին պոլիկլինիկայի շենքում տեղակայված Գյումրու ծննդատունը թե՛ կառուցվածքային առումով, թե՛ վիրահատարանների ու ծնարանների հագեցվածությամբ, սարքավորումների արդիականությամբ հեռու է ժամանակակից պահանջները բավարարելուց: Դրան գումարած` ծննդատունը սկսել է թերբեռնվածությամբ աշխատել։ Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցի ծննդօգնության բաժանմունքը գործարկելուց հետո նախորդ տարվա համեմատությամբ 2013-ին այստեղ 480 ծնունդ պակաս է արձանագրվել։ Ճիշտ նույնքան ծնունդ եղել է Ավստրիականում։ Գյումրու ծննդատան համար հուսադրող չեն նաև 2014-ի ցուցանիշները։ Իրավիճակ, որ ֆինանսական լուրջ խնդիրներ է հարուցում:
Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը լսեց նրանց կարծիքներն ու առաջարկները, քննարկվեցին իրավիճակը շտկելու մի շարք առաջարկներ։
«Առողջական տարբեր խնդիրներով ամենաքիչը Շիրակի մարզից են Երևան գալիս։ Սա խոսում է այն մասին, որ տեղի մասնագետներին վստահում են։ Այդ են վկայում նաև ծննդատան մանկական և մայրական մահացության շատ ցածր ցուցանիշները, գինեկոլոգիական բարդ վիրահատությունների կատարումը։ Սակայն, չնայած բանիմաց, վերապատրաստված մասնագետների առկայությանը, ծննդատանը շատ առումներով չլուծված հարցեր կան։ Նախարարությունը չի կարող հղիներին հարկադրել այս կամ այն ծննդատունն ընտրել։ Դա նրանց իրավունքն է։ Փոխարենը մենք բոլոր ծննդատներից պահանջում ենք որակյալ, ներկայացված չափորոշիչներին համապատասխան բուժօգնություն ապահովել։ Մնացյալը մրցակցային դաշտն է կարգավորում։ Եթե բուժհիմնարկը վնասով է աշխատում, ապա ինքը պետք է ճանապարհներ գտնի` նոր ծառայություններ, ծրագրեր իրականացնի կամ գուցե փոխի ուղղվածությունը»,-ասաց նախարարը։
Կայացած քննարկումից հետո Դերենիկ Դումանյանը ծննդատան ղեկավարներին հանձնարարեց նախարարության տարբեր ստորաբաժանումների հետ ևս մեկ անգամ հանգամանալից ուսումնասիրել խնդիրը և ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետի խորհրդատվությամբ իրատեսական լուծումներ առաջարկել։ Հորդորեց առաջին հերթին քայլեր ձեռնարկել ֆինանսական խնդիրների լուծման ուղղությամբ։ Միաժամանակ խոստացավ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակից մասնագետներ գործուղել` տեղում կառուցվածքային և կազմակերպական օպտիմալ լուծումներ գտնելուն աջակցելու նպատակով։
Արդիական սարքավորումներով հագեցած «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում» ծառայությունները, այդ թվում` արտահիվանդանոցային ամբուլատոր հսկողությունը, իրականացվում են եվրոպական չափանիշներով։ Իսկ նորածնային վերակենդանացման բաժանմունքը մարզերում լավագույններից է։ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ այստեղ մայրության դպրոց են հիմնում, որտեղ կտրամադրվի նաև հոգեբանի խորհրդատվություն։
Հիվանդանոցն Ավստրիայի կառավարության աջակցությամբ նաև բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված մինչև 18 տարեկան 3500 երեխայի անվճար ակնոց է տրամադրվել։ Շարունակվող ծրագրում ընդգրկվել են նաև սիրիահայերը։
Դերենիկ Դումանյանի աշխատանքային այցի արդյունքները քննարկվեցին նաև Շիրակի մարզպետի հետ։
ՀՀ Առողջապահության նախարարություն