ԲՀԿ-ական պատգամավորն ատրճանակի բռնակով հարվածել է մեկի գլխին, այնուհետեւ կրակել գետնին. news.am
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի խանութներից մեկում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին, երեկոյան, Հրազդանի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը:
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, որը հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղ գնացել է Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: