Բաժիններ՝

Համոզումի և շանտաժի միջև

Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի և Մոսկվայի հետ համապատասխան պայմանագրի ստորագրմանն առընթեր թեժանում են Արցախի ուղղությամբ հայկական քաղաքական և լրատվական դաշտերում արձանագրվող քննարկումները: և ոչ միայն հայկական: Ռուս ազգայնական գործիչ Ժիրինովսկու նշանավոր հայտարարությունը, թե քանի արցախաադրբեջանական հակամարտությունը չի հանգել որևէ համաձայնության, կողմերի համար ընդունելի և ընկալելի կլինի Արցախի կցումը Ռուսաստանին, չի վերագրվում միայն Ժիրինովսկուն: Կան մեկից շատ ավելի մեկնաբանություններ, որոնք Ժիրինովսկուն նկատելով պաշտոնական Մոսկվայի խոսափողը, այս հրապարակումը նկատում են ՌԴ-ի ծրագիրը: Ժիրինովսկին, թեև լրացուցիչ հայտարարություն կատարել էր չընդունելով ադրբեջանական ազգի գոյությունը, այսուհանդերձ բացահայտել էր ռուսական քաղաքական շրջանակների մոտ տիրող որոշ մտայնություն:

Հետևողների մոտ Ժիրինովսկու այս հայտարարությունը շատ արագ մտաբերել տվեց հասարակական գործիչ Զորի Բալայանի` Պուտինին գրած բաց նամակի բովանդակության առանցքային բաժինը, որտեղ հղում կատարելով Գյուլիստանի դաշնագրին, հայ գործիչը կոչ էր անում Ռուսաստանին տեր կանգնել Արցախին:

Բալայանի նամակի հրապարակման օրերին դեռեվս Մայդանը չէր բռնկել, ոչ էլ Ղրիմն էր ինքնորոշվել: Բալայանի առաջարկը գրեթե միանշանակ մերժումներով և  մեկնաբանություններով գերհագեցրել էր հայկական քննադաշտը: Արցախի հայապատկանության վիճարկումը կամ անկախություն-միացում հղացքից դուրս որևէ պատկերացում բնականաբար արժանանում է  հայկական  ամենամերժողական հակազդեցությանը:

Զորի Բալայանի երկարաշունչ նամակին և Ժիրինովսկու  դիպուկ ու ամփոփ հայտարարություններին համահունչ մտածումներ հրապարակել է նաև 1992-1995 թվականներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շտաբի  պետ, 1993 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը: Տեր Գրիգորյանցը նաև վերջին շրջանում աշխույժ մասնակցություն էր բերում Արևմտահայոց համագումարի համակարգող խմբի աշխատանքներին. վերջերս էր միայն, որ հրաժարվեց այդ աշխատանքներից:

Ղրիմի  ինքնորոշման փաստի դիմաց նկատելի է և հասկանալի անշուշտ Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումների տարբերությունը: Առաջինի զուսպ և ընդհանուր բնույթը և երկրորդի ավելի շեշտակի և երևացող խանդավառությունը: Այդպես էլ պիտի լիներ։

Խնդիրը այս դեպքում այն է, որ նախատեսելի կարող է թվալ հայկական դաշտում Արցախի լուծման ա՛յս տարբերակի մոտեցումների երևումը: Զինվորական նախկին պաշտոնատարներ լինեն, թե գործող քաղաքական դեմքեր. թվում է, թե Բալայանն ու Տեր Գրիգորյանցը իրենց հետևողները պիտի ունենան այս առումով:

Այստեղ պետք չէ բացարձակացնել ռուսական ծրագիրը: Պայման չէ, որ նման ծրագիր գոյություն ունենա: Բայց որ իբրև քաղաքական շանտաժ այս հնարավորությունը պիտի օգտագործվի, դա քաղաքականորեն տրամաբանական է թվում:

Այս առումով էլ հայկական հասցեներից հնչող նման կոչերը, պահանջները կամ մտածումները կարելի է տարբաղադրել: Դրանցից  ոմանք ընկալել իբրև պատվեր, մյուսները իբրև համոզում (դժվար թե) կամ ինչու չէ իբրև քաղաքական մարտավարություն: Ի վերջո, Արևմուտքը կարող է  քննել ինքնորոշված Արցախի անկախ կարգավիճակի առավելությունը Ռուսաստանի տարածքային ամբողջականության մաս կազմելուց: Սակայն շանտաժային մարտավարությունը չպիտի հատի կարմիրով գծված այն սահմանը, որից անդին առաջադրված կարգավիճակը կարող է դառնալ խնդրո առարկա: Արցախը ինքնորոշված տարածք է: Իսկ այդ ինքնորոշումը ոչ միայն Ադրբեջանի կազմից դուրս գալն է, այլ նաև որևէ այլ տարածքի մեջ չմտնելն է, ինչ որ բանաձևվում է «անկախ հանրապետություն» կարգավիճակով։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս