ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունների համատեղ հայտարարությունը
Մարտի 16-ին Ղրիմի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց իր ապագան ինքնուրույն տնօրինելու օգտին:
Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն, այդպիսով, դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման եւս մեկ նախադեպ, որով հերթական անգամ հաստատվեց, որ միջազգային իրավունքում պետության տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խումբը ողջունում են Ղրիմի ժողովրդին̀ պատմական հնարավորությունը իրացնելու առթիվ:
Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը եւ պատգամավորական խումբը տեղին են համարում հիշեցնել, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով այդ պահին դեռեւս գործող Խորհրդային Միության օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը եւ հանրաքվեի միջոցով իր վճռական խոսքն ասաց հօգուտ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչը վերահաստատվեց 2006թ. դեկտեմբերի 10-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքերով:
Հաշվի առնելով անկախության հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու դառը փորձը՝ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խումբը կոչ են անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը կարգավորվի բացարձակապես խաղաղ միջոցներով, փոխադարձ հարգանքի հիման վրա:
ԼՂՀ Ազգային ժողովի
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն» խմբակցություններ եւ
«Արցախատուն» պագամավորական խումբ
karabakh-open.info