2014թ. քաղբանտարկյալներ կան միայն բռնապետական, թերզարգացած, կործանվող երկրներում. Հայաստանը դրանց շարքում է

Այսօրվա Հայաստանը բռնատիրական պետություններին բնորոշ դատաիրավական համակարգ ունի, ուր մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, օրենքը դատարկ հնչյուններ են։ Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։

Նամակը ստորագրել էին ՀՀ ավելի քան հազար հինգ հարյուր քաղաքացի։ Ձերբակալվածները մինչև հունվարի 13-ը զրկված էին հարազատների հետ հանդիպելու, անգամ հեռախոսակապի հնարավորությունից։

Հունվարի 13-ին վերջապես այդ արգելանքը հանվեց։ Փետրվարի 14-ին պատասխան ստացվեց Շվեյցարիայի նախագահ Դիդիյե Բուրկհալտերից, որում մասնավորապես ասվում է, որ նա տեղյակ է և մտահոգված Շանթ Հարությունյանի և համախոհների հետ կապված դեպքերին, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը համաշխարհային մակարդակով Շվեյցարիայի կառավարության արտաքին քաղաքականության կարևորագույն և առաջնային խնդիրներից է եղել և շարունակում է մնալ այդպիսին։

Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտն ուշի ուշով հետևում է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։ Շվեյցարիան բազմակողմանի շփումներում Հայաստանին հիշեցնում է իր միջազգային պարտավորությունները և քաջալերում բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն այս տարածաշրջանում։

2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած հայտնի իրադարձություններից հետո Շվեյցարիան իր կոշտ դիրքորոշումն է արտահայտել՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսել` բացահայտելու և խստորեն պատժելու անհարկի ուժ գործադրողներին. նաև հորդորեց Հայաստանին` ապահովել խոսքի ազատությունը՝ դրա համար մոբիլիզացնելով քաղաքական ուժերը, լրատվամիջոցները։

Տեղեկացնենք նաև, որ Human Rights Watch կազմակերպությունը 2013թ. իր տարեկան հաշվետվության մեջ Շանթ Հարությունյանին և ընկերներին ճանաչել է քաղբանտարկյալ։ Հայաստանում Հելսինկյան կազմակերպության Վանաձորի գրասենյակը նրանց նույնպես քաղբանտարկյալ է համարում։

2014թ. քաղբանտարկյալներ կան միայն բռնապետական, թերզարգացած, կործանվող երկրներում։ Հայաստանը դրանց շարքում է` քանի Շանթ Հարությունյանը և իր համախոհները, ինչպես նաև Վոլոդյա Ավետիսյանը, շարունակում են մնալ բանտում։

Արուսյակ Հայրապետյան «Շանթ և ազատություն» հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս