Տաք հագուստ՝ անօթևաններին
Մարտի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տաք հագուստ տրամադրեց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող անօթևան հիվանդներին։
ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը տեղեկացնում է, որ ցրտաշունչ ձմռան հետևանքով ցրտահարված անօթևաններ են տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն այդ հիվանդների հետագա ճակատագիրը լուծելու համար համագործակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի առաջարկով այսօր լուծվել է 13 անօթևանների հագուստի խնդիրը։ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ հիմնադրամը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում կարիքավոր, հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար։ Մասնավորապես առաջիկայում նախատեսվում է անվասայլակներ տրամադրել դրանց կարիքն ունեցող անձանց։ Ըստ Կարեն Ավագյանի՝ ծրագիրը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց լուծել իրենց համար խիստ կենսական այդ հարցը։
Էդվարդն ու Վարդանը երախտապարտ էին հիվանդանոցի բուժանձնակազմին շաբաթներ շարունակ իրենց ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ ծանր պահերին իրենց միայնակ չթողնելու համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն