Բաժիններ՝

Հայկական նուրբ կշռադատումների հանգրվանը

Թուրքիայի տարածքում, 32 տարբեր քաղաքներում վերաբռնկված մարդաշատ ցույցերը ունեն երեւութական շարժառիթ: Հունիսի շարժման օրերին, ոստիկանության հարվածների տակ մահաքնի մեջ ընկած պատանու մահը շատ արագ վերաբռնկեց քաղաքացիական անհնազանդությամբ բնորոշվող թուրքական շարժումը: Այս շարժման բաղադրիչները հիմնական ուղղվածություն ունենալով հանդերձ բազմազան են:

Պետք չէ մոռանալ, որ թուրք պատանու մահվան դիմաց նման ժողովրդային արձագանքումը ընդգծում է երևութական շարժառիթի տակ արմատավորված պայթունավտանգ ենթահողի առկայությունը: Այստեղ է արդեն, որ շարժմանը ներգրավված ուժերի տարբաղադրման փորձը համոզում է, որ բնապահանության, մարդու իրավունքների, ձախակողմյան գաղափարախոսության, մշակութային ժառանգության պահպանման հետամուտները, իշխանափոխության առաջադրանքով հետզհետե կազմում են վարչակարգի փոփոխությունը պահանջող ուժերի համախմբան նախաձևավորումը:

Եվ այս առումով, վարչապետ Էրդողանի դիպաշարի բնութագրումը տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ: Էրդողանը դեպքերի վերաբռնկեցումն ու համատարածումը կապում է մարտի 30-ի ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, դրանք նկատելով առեւտրական ընկերությունների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից հրահրված գործողություններ:

Ընտրարշավի այս եղանակի կայացման պատասխանատվությունը  բարդելով առեւտրական ընկերությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ուսերին, վարչապետ Էրդողանը թափանցիկ ձեւով մատնացույց  է անում իսլամականության հոգեւոր-աշխարհիկ ուղղությունների համատեղման գաղափարախոսության հիմնադիր և ԱՄՆ-ում հաստատված Գյուլենին և ոչ կառավարական կազմակերպությունների հետևում կանգնող ուժերին: Ոչ կառավարական կազմակերպությունների աշխատելաձեւը, ճշտած առաջադրանքներն  ու քաղաքացիական շարժումների վրա ազդելու հնարավորությունները ընդհանրապես մաս են կազմում արեւմտյան մշակույթի և կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Ավելի հստակեցնելու համար, Էրդողանը, առանց ուղղակի վերագրումի, իսլամական վարչակարգի փոփոխության շարժման հետևում տեսնում է ԱՄՆ-ից Թուրքիայի հաստատություններն ու կառույցները հեռակառավարող Գյուլենին ու  ընդհանրապես Արևմուտքին: Պատասխանատվության հավասարեցման հայտարարություն է պարզապես Էրդողանի կատարածը:

Առաջադրվածը փոփոխությու՞նն է, թե՞ իշխանության թուլացումը, ավելի պարզ կդառնա մինչեւ նախագահական ընտրությունները: Հունիսի դեպքերից հետո կանգ չի առել Էրդողանով հատկանշվող Անկարայի իշխանությունների վարկաբեկմանն ուղղված գործողությունների շարքը: Թվում է սակայն, որ խորքային պետության որոշման կենտրոնները սանձերը թուլացնելու եւ ամրացնելու հավասարկշռման խաղի ղեկը  շարունակում են պահել իրենց ձեռքում:

Համացանցի կարեւորագույն ծառայությունները փակելու Էրդողանի սպառնալիքը հիշեցնում է արաբական գարնանային հովերից ազդված երկրների ղեկավարների հակազդեցության քայլերը: Այստեղ եւս դեպքերի հրահրման պատճառները դրսից ներածված լինելու հաստատմանը կապվում են ուղղակիորեն:

Ներթուրքական այս իրադարձությունների պարունակում, հայկական գործոնի նկատմամբ ամփոփ դիտարկում կատարելուց  առաջ պարզապես հարկ է նշել, որ ներքին սրացող ճգնաժամի արտահանման փորձ է կատարում նոր օսմանականության ճարտարապետական համակարգը՝ Ղրիմում համաթուրանական գաղափարախոսության կարգախոսի տակ տեղի թաթարների անվտանգությունը ապահովելու աշխույժ հայտարարություններով:

Թուրքական նորագույն իրադարձություններում «Նոր զարթոնք»-ի հայտնվելը ձախակողմյան ուժերի և քաղաքացիական շարժման օղակներում այս առումով միակ տեսանելի իրողությունը չէ: Ազգայնական թուրքական ուժերի ընտրացանկերի վրա հայ անունների հայտնվելը, որքան էլ զանգվածային հենարան չունենա, այսուհանդերձ հայ տարրին այդ ուղղության վրա ևս արձանագրվելու երևույթն է ընդգծում: Եվ կա երրրորդ հիմնական բաժինը, որը  վերաբերում է ավանդական համայնքին՝ գործող մեծամասնությանն ի նպաստ հավանական դիրքորոշմանը:

Հայկական գործոնի հավելյալ աշխուժացումը գուցե այս հանգրվանին այնքան էլ առաջադրելի չէ: Մանավանդ, որ դեռևս այս շարժումներում ծայր չեն առել ինքնության խնդիրները: Այդ պահը արդեն ճակատագրորոշ տարողությամբ ուրի՜շ հանգրվան է:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս