Բաժիններ՝

Մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի գործը կրկին դատարանում է

2014 թ. մարտի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը:

Նշված դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել են թիվ 62202513 քրեական գործով Հ. Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ և նախաքննության մարմնին պարտավորեցնել վերջինիս՝ տրամադրելու կարճված գործի նյութերի պատճենները:

Հիշեցնենք, որ ՀՀ զինած ուժերի N զորամասի պարտադիր զինծառայող, կոչումով շարքային Հայկ Մովսիսյանը 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, որից մեկ շաբաթ անց ԼՂՀ քննչական մեկուսարանում Հայկ Մովսիսյանին գտել էին մահացած: Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով, ինքնասպանության հասցնելու հատկանիշներով ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը մասով կարճվել է, քրեակատարողական վարչության աշխատակիցների և քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների արարքներում հանցակազմի բացակայության հիքով, իսկ Հայկ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործով պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ պաշտոնական անփութության հատկանիշներով, որտեղ հարուցվել է թիվ 62202513 քրեական գործը: 2013 թ. ապրիլի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և արդարացրել արդեն մահացած Հայկ Մովսիսյանին:

Հ. Պետրոսյանը՝Հայկ Մովսիսյանի մայրը, թե՛ անձամբ, թե՛ ներկայացուցիչների միջոցով բազմիցս դիմել է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջով, սակայն այդ պահանջները մերժվել են: 2013 թ. դեկտեմբերի 18-ին Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցը և Ա. Զալյանը միջնորդություններ են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ.Բաբայանին և ՀՀ գլխավոր դատախազություն՝ Հայկ Մովսիսյանին տուժող, իսկ Հ. Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջներով, որին ի պատասխան հայտնվել է, որ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Հետագայում մերժվել են նաև կարճված քրեական գործի նյութերը և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը տրամադրելու պահանջները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս