Խոդորկովսկին հանդես է եկել Մայդանի առջեւ
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին այսօր հանդես է եկել Մայդանում, հաղորդում է Agence France-Presse-ը:
Իր խոսքը Խոդորկովսկին սկսել է «Փա’ռք նոր ժողովրդավարական Ուկրաինայի ժողովրդին» արտահայտությամբ, ինչին ի պատասխան Մայդանում գտնվողները վանկարկել են «Ռուսաստան, ոտքի կանգիր»:
«Այստեղ չկան ֆաշիստներ եւ նացիստներ: Ավելի ճիշտ, դրանք ավելին չեն, քան Մոսկվայի կամ Պետերբուրգի փողոցներում»,-հայտարարել է Խոդորկովսկին` անդրադառնալով Ռուսաստանի կողմից Մայդանի մասնակիցների հասցեին հնչող մեղադրանքներին: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները խրախուսել են ուկրաինացի իրավապահների ուժային գործողությունները ընդդեմ եվրամայդանի մասնակցների:
Սակայն, ըստ Խոդորկովսկու, կա նաեւ «ուրիշ Ռուսաստան» եւ մարդիկ, «որոնց համար ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ բարեկամությունն ավելի կարեւոր է իրենց սեփական ազատությունից»:
Վերջում Խոդորկովսկին հույս է հայտնել, որ Ուկրաինան ու Ռուսաստանը զարգացման միասնական` եվրոպական ուղի ունեն: Նրա խոսքերն ընդունվել են «Կեցցե’ս», «Շնորհակալություն» բացականչություններով: