Բաղդասարովի մայրամուտը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Միխայիլ Բաղդասարովը, ով ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը, զրկվել է ևս մեկ բիզնես ոլորտից։ Խոսքն ավիավառելիքի ներմուծման մասին է։
Դեռ մեկ տարի առաջ Բաղդասարովը, ըստ ՏՄՊՊՀ-ի տվյալների, գերիշխող դիրք ուներ ավիավառելիքի ներկրման ոլորտում։ Երեկ, սակայն, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից մեզ հայտնեցին, որ արդեն մի քանի ամիս է Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» ընկերությունն իրենց նավթ չի մատակարարում։
Օրեր առաջ «Արմավիայի» աշխատակիցները «ՀԺ»-ին ահազանգել էին, թե իրենց տեղեկությունների համաձայն, ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը, իսկ «Արմավիան» շարունակում է իրենց պարտք մնալ հսկայական գումարներ։ Երեկ մեզ հաջողվեց կապ հաստատել Բաղդասարովի հետ։

– Պարոն Բաղդասարով, խոսակցություններ կան, որ Դուք ընդմիշտ գնացել եք Հայաստանից։

– Ես Երևանում եմ, ես ո՞ւր պիտի գնամ։ Ոչ մի տեղ չեմ գնացել, ինչպես գնացել-եկել եմ, այնպես էլ գնում-գալիս եմ։

– Ինչպե՞ս են Ձեր գործերը։ Հայտնի է, որ շատ լուրջ խնդիրներ ունեք։

– Խնդիրներ հիմա ո՞վ չունի։ Խնդիրն այն է, որ հիմա մենք փակում ենք պարտքերը։

– Ինչքա՞ն է մնացել։

– Չեմ կարող ասել։ Շատ։ Պարտքատերեր, տարբեր ուղղություններ և այլն, և այլն, երկար բան է, կարծում եմ, դուք չեք հասկանա ինձ։ Կարող եմ տոկոսով ասել՝ 40 տոկոս է մնացել։ Այդտեղ միայն աշխատավարձերը չեն։ Ես հիմա չեմ կարող խոսել, ուշանում եմ ինքնաթիռից։ Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առիթով։

Ակնհայտորեն նեղսրտած երբեմնի հզոր գործարարը, այս ասելով շտապեց անջատել հեռախոսը։ Բաղդասարովը, որ ժամանակին գերիշխող դիրք ուներ նաև դիզվառելիքի և ցորենի շուկայում, շարունակում է մինչև կոկորդը ծաղված մնալ պարտքերի մեջ։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, «Արմավիան» իր սնանկացման մասին հայտարարելուց հետո միայն ռուսական գերատեսչություններին, ընկերություննեպրին ու բանկերին պարիլ է մոտ 25 միլիոն դոլար։ Մասնավորապես, Հայաստանի այլևս նախկին ազգային ավիափոխադրողը մոտ 300 հազար դոլար պարտք ուներ ՌԴ ավիացիոն տրանսպորտի դաշնային գործակալությանը։ Մոտ 1.5 միլիոն դոլար «Արմավիան» պարտք էր «Վնուկովո» օդանավակայանին, և դա այն դեպքում, եպբ Արմավիան օրական 2-3 չվերթ էր իրականացնում Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս