19-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել մորը բռնաբարելու, «քած» անվանելու համար հորեղբորը սպանելու մեջ

Առաջին ատյանի դատարանը 19-ամյա տղային մեղավոր է ճանաչել հորեղբոր սպանության մեջ: Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ նրա հայրը 1994թ. զոհվել է ԼՂՀ-ում մարտական գործողությունների Ժամանակ, որից հետո 19-ամյա տղան ու նրա մայրը շարունակվել են բնակվել իրենց տանը, որտեղ բնակվել է նաև 19-ամյա տղայի հորեղբայրը: Նրանց միջև գույքային հարցերի հետ կապված տարաձայնություններ են առաջացել, դատարանի վճռով՝ նույն բնակարանից առանձին բաժնեմասեր են հանձնվել նրանց, իսկ կոմունալ հարմարություները թողնվել է ընդհանուր օգտագործման:

Ըստ դատարանի վճռի՝ դատաքննությամբ պարզվել է, որ 2013 թ. մարտ ամսի վերջերին, հորեղբայրը, ով հիմնականում ապրել ՌԴ-ում, հերթական անգամ այցելել է Հայաստան և Երևանում պատահաբար հանդիպելով եղբոր որդուն, նրա հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հաջորդ օրը մեկնել են տատիկի տուն, որտեղ էլ տան վերաբաժանման հարցի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել:

Ըստ վճռի՝ այդ ժամանակ խոսել են նաև այն մասին, որ հորեղբայրը բռնաբարել է 19-ամյա երիտասարդի մորը. հորեղբայրը խոստովանել է դա՝ մորը անվանելով անբարոյական: Ըստ դատարանի՝ 2013թ. ապրիլի 3-ին հորեղբայրը խանութից 5 շիշ գարեջուր է գնել, վերադարձել տուն ու խմել 1 շիշը, այդ ընթացքում զանգահարել է եղբոր 19-ամյա որդուն ու նրանց տուն գնալու ցանկություն է հայտնել:

Այս օրը հորեղբայրն ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է նրանց տուն, որտեղ էլ 19-ամյա որդու մոր հետ հաց են կերել, օղի և գարեջուր են օգտագործել: Այնուհետև ժամը 17-ի սահմաններում հորեղբայրը և 19-ամյա երիտասարդը գնացել են վերջինիս հոր գերեզմանին ու վերադառնալով շարունակել են ոգելից խմիչք խմել:

Ըստ դատարանի՝ սեղանի շուրջ խոսակցության ընթացքում հորեղբայրը, խախտելով բնակելի տան վերաբաժանման հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, հայտնել է, որ ինքը փոշմանել է ու չի պատրաստվում ազատել իրեն հատկացված սենյակը: Ըստ դատարանի՝ հորեղբայրը կրկին հայտնել է, որ 19-ամյա տղայի հայրը հայրը ոչ թե զոհվել է ԼՂՀ-ում մարտական գործողությունների ընթացքում, այլ ինքնասպան է եղել նրա մոր անբարո վարքագծի հետևանքով և նա անբարոյականի որդի է:

Դատարանն իր վճռում գրել է, որ 19-ամյա երիտասարդը գտնվել է 1.07 տոկոս աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վիրավորվել է  մոր հասցեին արված հորեղբոր արտահայտություններից, ապա հորեղբորը սպանելու դիտավորությամբ, գոտկատեղից հանել է մշտապես իր մոտ պահվող ծալովի դանակը: Սակայն հասկանալով ու զգալով, որ հորեղբայրը ցանկանում է իրեն սպանել, սեղանի վրայից վերցնելով գարեջրի ապակե շիշը, ցանկացել է դրանով հարվածել հորեղբորը, բայց վերջինս խույս է տվել հարվածից և գարեջրի տարան դիպչելով սեղանին, ջարդվել է: Ըստ դատարանի՝ 19-ամյա երիտասարդը նստած տեղից բարձրացել է ու արագ առաջանալով դեմքով դեպի սեղանի շուրջ նստած հորեղբոր թիկունքային մաս, ձախ ձեռքը դրել է նստած վիճակում հորեղբոր ճակատին և դանակով 2 անգամ կտրել նրա կոկորդը:

Ըստ դատարանի՝ դրանից հետո հորեղբայրը նստած տեղից վայր է ընկել ու տեսնելով, որ նա դեռևս ողջ է, նրան վերջնականապես ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, 19-ամյա տղան, կռանալով նրա վրա, դանակի ևս 13 հարվածներ է հասցրել հորեղբոր որովայնին, կրծքավանդակին, պարանոցին ու դեմքին:

Արդյունքում հորեղբայրը տրավմատիկ շոկից մահացել է: Դատարանն իր վճռում նաև նշել է, որ 19-ամյա երիտասարդը, հանցագործությունը թաքցնելու նպատակով, հորեղբոր դիակը ոտքով հրել, գցել է նկուղի մեջ ու դիմել փախուստի: Սպանության ականատես 19-ամյա երիտասարդի մայրը, վախենալով կատարվածից, մտել է տուն ու որոշ ժամանակ անց հեռացել տանից: Ըստ դատարանի՝ 19-ամյա երիտասարդը դիակը թաքցնելուց հետո հասկանալով որ իր կատարածը կբացահայտվի, նույն օրը ժամը 21:36-ին իր բջջային հեռախոսով զանգահարել է ՀՀ ոստիկանություն ու հայտնել իր կողմից կատարված սպանության մասին:

Ամբաստանյալը, ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի, իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նշել է, որ ինքը հորեղբորից պահանջել է դադարեցնել մոր հասցեին ուղղված վիրավորանքները, սակայն վերջինս շարունակել է իր հայհոյանքները, դարձյալ ասել, որ հայրն ինքնասպան է եղել անբարոյական մոր պատճառով, մայրն անբարոյական է, մայրն իր «քածն» է, իրեն անվանել է դարձյալ «անբարոյականի» տղա:

Ըստ վճռի՝ 19-ամյա տղան ասել է, որ  դա իրեն հունից հանել է, համբերության բաժակն արդեն լցվել է և տարիների կուտակված ցավն ու վիրավորանքն այլևս չտանելով, այդ պահին իր մոտ միտք է ծագել հորեղբոր արտահայտությունների համար գոտկատեղում եղած դանակով նրան վնաս պատճառել: Նա ցուցմունք է տվել, որ երբ ձեռքը տարել է գոտկատեղ` դանակը հանելու, հորեղբայրը զգացել է,  որ ինքը դանակ է հանում, վերցրել է սեղանին դրված գարեջրի շիշն ու նետել իր ուղղությամբ: Ըստ 19-ամյա տղանի ցուցմունքի՝ այդ պահին իր աչքերը մթագնել են և առանց հասկանալու, հանելով դանակը, նրան վնասելու նպատակով արագ վեր կենալով տեղից, անցել է սեղանի շուրջ նստած հորեղբոր թիկունքային մաս և ճակատից բռնելով դանակով երկու անգամ կտրել նրա կոկորդը:

Այնուհետև, համաձայն նրա ցուցմունքի, դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, սակայն դանակի քանի հարված է հասցրել և ինչու, չի հիշում, չի հասկացել թե ինչու է այդքան հարվածել նրա որովայնին, ինքնաբերաբար դադարեցրել է հարվածելը:

Տղան նաև ցուցմունք է տվել, որ ինքն այնուհետև փորձել է դիակը թաքցնել, սակայն այն ինչպես է հայտնվել բակի աստիճանների վրա դարձյալ չի հիշում: Նա, ըստ դատարանի վճռի, ասել է, որ ինքն այդ պահին ու դրանից մի քանի օր ևս ստրեսի մեջ է եղել:
Երիտասադը պնդել է, որ հորեղբորը դիտավորությամբ սպանելու նպատակ չի ունեցել, վերջինս` իր և մոր հանդեպ դրսևորած ցինիկ ու այլևս անտանելի վարքագծով կոպտորեն վիրավորել է իրենց պատիվն ու արժանապտվությունը և իր մեջ տարիների կուտակված վիրավորանքն ինքը ցանկացել է արտահայտել նրան վնասելու ձևով, չի պատկերացրել որ նրա կոկորդին հարվածելուց հետո նրան մահ կպատճառեր:

Անդրադառնալով իր նախաքննական ցուցմունքների այն մասին, որտեղ նշել է դանակի 15 հարվածների մասին, 19-ամյա երիտասարդն ասել է, որ նախաքննության ընթացքում ինքը ստրեսի մեջ է եղել և ցուցմունքի որոշ պահեր իրեն հուշել է քննիչը, այդ թվում նաև դանակի հարվածների թիվը:

Քրեական գործով նշաբակված ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ 19-ամյա երիտասարդը որևէ խրոնիկական հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում, այլ նա հոգեպես առողջ է։

Որպես հոգեկան հիվանդությամբ չտառապող անձնավորություն նա ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս կարող էր և կարող է հասկանալ իր գործողությունների հասարակական վտանգավորությունը և ղեկավարել դրանք։ Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ իրավախախտումը կատարելու պահին 19-ամայ երիտասարդը բչի գտնվել որևէ ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում, այլ գտնվել է սովորական հարբածության վիճակում:

19-ամյա երիտաասրդը դատաբժշկական փորձաքննությամբ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ մեղսունակ է ճանաչվել։ Ըստ դատարանի վճռի՝ փորձաքննությունում նշվել է նաև, որ 19-ամյա երիտասարդը, արարքը կատարելով ալկոհոլային հարբածության ֆոնի վրա, չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Սակայն հուզական տևական լարվածության կուտակումն էապես ազդել է նրա գիտակցության և վարքի վրա:

Առաջին ատյանի դատրանը, գնահատելով ձեռք բերված ապացույցները, գտնել է, որ 19-ամյա երիտասարդի ցուցմունքի այն մասը, որը վերաբերվում է տուժողին դիտավորյալ ապօրինի կյանքից զրկելու ցանկություն չունենալուն և արարքը կատարելու պահին չի հասկացել թե ինչի է կատարվում իր հետ, այսինքն՝ գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, հավատ չի ներշնչում և նպատակ է հետապնդում խուսափելու ավելի ծանր հանցագործության կատարման համար պատասխանատվության ենթարկվելու:

Ըստ դատարանի՝ տուժողին կյանքից զրկելու նրա դիտավորությունը հաստատվում է իր իսկ նախաքննության ընթացքում տված ցուցմունքով և ժխտվում է ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձագիտական եզրակացությամբ, համաձայն որի՝ 19-ամյա երիտասարդը իրավախախտումը կատարելու պահին չի գտնվել որևէ ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում, այլ գտնվել է սովորական հարբածության վիճակում, ինչն էլ հաշվի առնելով դատարանը գտնել է, որ հանցագործությունը կատարելիս 19-ամյա երիտասարդը չի գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Առաջին ատարանն ապացուցված է համարել, որ 19-ամյա ամբաստանյալ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է տուժողին, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի:

19-ամյա երիտասարդի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել, որ նա հանցանքը կատարել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Որպես մեղմացնող հանգամանք է դիտվել այն, որ նա զղջացել է կատարած արարքի համար, նախկինում դատապարտված չի եղել, արարքը կատարել է տուժողի դրսևորած հակաբարոյական վարքագծի հետևանքով, ուսանող է և բնութագրվում է դրականորեն:
Քրեական գործով քաղաքացիական հայց չի ներկայացվել:

Առաջին ատյանի դատարանը 19-ամյա երիտասարդին մեղավոր է ճանաչել և դատապարտել 9 տարի ազատազրկման: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս