Քննարկվել են Գյումրիի ջրամատակարարման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գյումրի քաղաքի որոշ փողոցներում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին Գյումրիի քաղաքապետը, Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Շիրակ-ջրմուղկոյուղի» ընկերության կառավարումն ստանձնած ընկերության, Գյումրիում ջրամատակարարման համակարգի վերանորոգման ծրագրի խորհրդատու եւ ծրագիրն իրականացնող շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:
Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքների եւ եղանակային պայմանների պատճառով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել քաղաքի մի շարք երկրորդային` հատկապես, գրունտային ծածկով փողոցներում: Քաղաքապետը եւ ծրագրի պատասխանատուները վստահեցրեցին, որ ներկայումս իրավիճակի կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:
Փոխվարչապետը բոլոր կողմերին հորդորեց աշխատել համակարգված: Նա ծրագրի պատասխանատուներին առաջարկեց աշխատանքները կազմակերպելիս հաշվի առնել ինչպես քաղաքի փողոցների կառուցապատման, այնպես էլ բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները:Մասնավորապես, առաջարկվեց աշխատանքներն ավարտել մինչեւ հոկտեմբեր, որպեսզի հետագայում լրացուցիչ դժվարություններ չառաջանան բնակիչների համար:
Խորհրդակցության մասնակիցները միաժամանակ ընդգծեցին քաղաքի ջրամատակարարման ցանցի վերականգնման ծրագրի կարեւորությունը, որը ենթադրում է ցանցի ամբողջական վերականգնում ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդային փողոցներում:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին