Ուկրաինան ցույց տվեց, որ կարելի է «ոչ» ասել Մոսկվային

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը երեկվա ասուլիսում Ուկրաինայում տեղի ունեցածն անվանեց «արյունոտ նարնջագույն հեղափոխություն»: Իր խոսքը նա բաժանեց երեք մասի` նշելով, թե Մայդանի հեղափոխությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ առաջինը` Եվրամիության, և երկրորդը` Ռուսաստանի համար, և ինչ դասեր պետք է Ուկրաինայից քաղի Հայաստանը:

Ըստ նրա, ի տարբերություն 2004 թ. նարնջագույն հեղափոխության` այժմ տեսնում ենք նոր զարգացումներ և նոր Ուկրաինա, որտեղ հակամարտությունն ավելին էր, քան պարզապես ընդդիմություն-իշխանություն պայքարը, և վերջին շաբաթներին Ուկրաինայի իրադարձությունները նաև Արևմուտքի և Ռուսաստանի մրցակցությունն էին ցույց տալիս:

Վերլուծաբանի կարծիքով` Ուկրաինայում տեղի ունեցածը մեծ հարված էր Մաքսային միության նախագծին և նվազեցնում է հավանականությունը, որ Հայաստանը կարող է միանալ ՄՄ-ին:

«Ուկրաինայում ցուցարարների հաղթանակը կարող է փրկել Վիլնյուսի գագաթաժողովը և Ասոցացման համաձայնագրերը, այսինքն` Վրաստանը և Մոլդովան այլևս մեկուսացված և միայնակ չեն լինիգ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում կլինի ռազմավարական նշանակության և կիզակետի փոփոխություն: Փաստորեն, Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցկացվելու են Եվրոպական խորհրդարանի ընտրությունների օրը` մայիսի 25-ին»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Մայդանի` Ռուսաստանի վրա ազդեցության մասին Ռ. Կիրակոսյանն ասաց, թե դա ցույց է տալիս այդ ազդեցության սահմանափակ լինելը, քանի որ Ռուսաստանը երբեք էլ չի կարողացել Ուկրաինայում դառնալ իրական միջնորդ: «Ռուսաստանը կորցրեց Ուկրաինային` որպես Մաքսային/Եվրասիական ծրագրի պոտենցիալ անդամ: Երրորդ բացասական ազդեցությունը Վլադիմիր Պուտինի անձնական շփոթությունն էր, լավ է թե վատ, բայց այս իրավիճակը բացահայտեց Պուտինի թույլ դիրքերը: Սա ցույց տվեց նախկին խորհրդային պետություններին, որ նրանք ևս կարող են «ոչ» ասել Մոսկվայինգ

Մենք նաև տեսնում ենք, որ ապագա Ուկրաինայի հեռանկարը կարող է վտանգել ռուսական շահերը` Ղրիմում ռուսական ռազմաբազայի, Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական գազատարների և Ուկրաինայում ռուս օլիգարխների դիրքերի վտանգման առումով: Վերջին բացասական ազդեցությունն այն է, որ ժողովրդավարական Ուկրաինայի տեսլականը լուրջ վտանգ է լինելու Ռուսաստանում Պուտինի իշխանության համար»,- ասաց Կիրակոսյանը:

Պատասխանելով մեր հարցին` արդյոք Ղրիմը և Ուկրաինայի տարածքային պառակտման վտանգն այն գի՞նն են, որը Ուկրաինան կարող է վճարել՝ «Մոսկվային ոչ ասելու» դիմաց, Ռ. Կիրակոսյանն ասաց, թե չի կարծում, որ Ուկրաինան կպառակտվի: «Իմ կարծիքով` Ուկրաինայի համար լուծումը դաշնային պետությունն է, նույնիսկ Ռուսաստանի համար ավելի լավ է Ղրիմը և Արևելյան Ուկրաինան պահել նոր Ուկրաինայի կազմի մեջ, որովհետև, եթե Ուկրաինայում բնակվող ռուսները կամ ռուսամետ ուժերը մնան Ուկրաինայի կազմում, դա կուժեղացնի Ռուսաստանի ազդեցությունն այդ երկրի վրա: Վճարելիք գինն ավելի շատ վերաբերում է տնտեսական ճնշմանը և Ռուսաստանից մատակարարվող գազի գնի հնարավոր փոփոխությանը»,- նշեց նա:

Անցնելով Հայաստանի դասերին` Ռ. Կիրակոսյանը նշեց. «Մենք պետք է ազնիվ լինենք և խոստովանենք, որ Ուկրաինան շատ է տարբերվում Հայաստանից: Թեպետ կան շատ նմանություններ, օրինակ` սոցիալական անհավասարությունը և հասարակական դժգոհությունը, բայց Հայաստանի կառավարման փակ համակարգը տարբերվում է Ուկրաինայից, իսկ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ավելի քիչ կազմակերպված է, քան Ուկրաինայում»: Ըստ նրա` Ուկրաինայից դասեր պետք է քաղեն ինչպես` Հայաստանի իշխանությունները, այնպես էլ` ընդդիմությունը:

«Հայաստանի իշխանության համար դասն այն է, որ Ուկրաինան ցույց տվեց, թե որքան վտանգավոր է փողոցի ուժը թերագնահատելը և ուժի կիրառումը գերագնահատելը: Երկրորդ դասն այն է, թե որքան վտանգավոր է անտեսել ժողովրդի պահանջները` փոփոխության և բարեփոխումների վերաբերյալ… Եկեք նայենք նաև Հայաստանի ընդդիմության համար դասերին:

Առաջինը վերաբերում է շարժիչ ուժին. Ուկրաինան ցույց տվեց, որ հաշվի առնելով հասարակական դժգոհությունը և դրանք դնելով ինքնաբուխ կազմակերպման հիմքում` կարելի է առանձնացնել երեք հստակ պահանջ, որպեսզի ընդդիմությունը կարողանա օգտագործել այսպիսի հզոր ժողովրդական շարժումները:

Առաջինն առաջնորդությունն է, երկրորդը` կազմակերպվածությունը, երրորդը` ռազմավարական տեսլականը կամ այլընտրանքը: Իմ կարծիքով` Հայաստանի հին ընդդիմությունը ձախողվել է այս երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում: Եթե Հայաստանի ընդդիմությունն ուզում է լսել և սովորել, ապա երկրորդ դասն այն է, որ էական նշանակություն ունեն նորամուծություններն ու նոր մարտավարությունը: Երրորդը` աշխարհագրության կարևորությունն է, այլ կերպ ասած` ակտիվությունը շրջաններում, ոչ թե միայն մայրաքաղաքում»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին` քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով` Մայդանի գործընթացները հեղափոխություն անվանելը կախված է նրանից, թե տվյալ ուժն ինչ խնդիր է իր առջև դնում` պարզապես անձերի՞ փոփոխություն, թե՞ համակարգային փոփոխություն: Նա հիշեցրեց Վրաստանի «Վարդերի հեղափոխությունը», երբ իշխանության եկավ Միխայիլ Սահակաշվիլին:

«Եթե տեղի է ունենում, այսպես ասած, համակարգային փոփոխություն` կապված և՛ ժողովրդավարության, և՛ տնտեսական ազատականության հետ, և՛ իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ, ապա դա կոչվում է հեղափոխություն: Օրինակ` երբ Սահակաշվիլին նույնպես ոչ օրինական ճանապարհով վերցրեց իշխանությունը, նա Վրաստանում հեղափոխություն կատարեց, որովհետև բարեփոխեց Վրաստանի կյանքի բոլոր բնագավառները` տնտեսական, դատաիրավական, քաղաքական և այլն:

Նարնջագույն հեղափոխությունն իրականում հեղափոխություն չէր, պարզվեց, որ դա ընդամենն իշխանափոխություն էր, այն ժամանակ Յանուկովիչին չհաջողվեց իշխանության գալ, և նրա փոխարեն` իշխանության եկան մարդիկ, ովքեր, ճիշտն ասած, այնքան էլ ազատության և ժողովրդավարության ջատագովները չէին»,- ասաց Ա. Բադալյանը:

Հարցին, թե ինչպիսի՞ ապագա է տեսնում Ուկրաինայի համար` հատկապես տարածքային ամբողջականության պահպանման, Ղրիմի հնարավոր անջատման տեսանկյունից, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ դա բավական բարդ հարց է, և այժմ կարելի է միայն գուշակել, թե ինչ կլինի. «Կարող ենք ընդամենը ենթադրություններ անել, մասնավորապես` ինչպես իրեն կդրսևորի Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես իրենց կդրսևորի Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների քաղաքական վերնախավը, որն արդեն ազատված է Յանուկովիչի վերահսկողությունից, որովհետև չմոռանանք` Յանուկովիչին ներկայացնում էին որպես ռուսամետ ուժ, բայց իրականում նա ոչ մի կապ չուներ ռուսամետության հետ, նա ընդամենը փողամետ էր: Խնդիրը կախված է նրանից, թե նոր իշխանություններն ինչպիսի վերաբերմունք կդրսևորեն հարավ-արևելյան շրջանների նկատմամբ` կփորձեն ենթարկել բռնի «ուկրաինիզացիայի՞», արգելել ռուսերենի տարածո՞ւմը, սեփականության վերաբաշխում կիրականացնե՞ն, թե՞ կփորձեն լեզու գտնել հարավ-արևելյան Ուկրաինայի բնակիչների հետ, երկիրը կտանեն Ուկրաինայի ֆեդերալիզացիայի:

Ինչպիսի քաղաքականություն էլ իրականացվի, դա կունենա տարբեր ելքեր: Հնարավոր է` Ուկրաինայում սկսվի քաղաքացիական պատերազմ, հնարավոր է` ստեղծվի դաշնություն, հնարավոր է` անորոշությունը շարունակվի, երկիրը գնա մասնատման, ինչը չի բացառվում»,- ասաց նա:

Իսկ Ղրիմի հարցի վերաբերյալ Բադալյանը նշեց, թե Ռուսաստանը հզոր երկիր է, և, բնականաբար, չի կարող անտարբեր մնալ Ուկրաինայի նկատմամբ. «Բնական է, որ նա հատուկ վերաբերմունք ունի հատկապես Ղրիմի նկատմամբ, որտեղ ոչ միայն գտնվում են իր ռազմական բազաները, այլև ապրում են ազգությամբ ռուսներ, բնական է, որ Ղրիմը, որը Նիկիտա Խրուշչովի հիմար քաղաքականության հետևանքով հայտնվել է Ուկրաինայի կազմում, չի կարող անտարբեր թողնել Ռուսաստանին:

Եվ այդ բոլոր «բնականների» հանրագումարում բնական է, որ Ռուսաստանը կփորձի իրականացնել իր ակտիվ քաղաքականությունը Ղրիմում: Հիմա թե ինչպես դա կարտահայտվի, դժվար է ասել: Ի դեպ, պետք է ասել, որ Ղրիմում միջամտություն են իրականացնում ոչ միայն ռուսները. Ղրիմում կփորձի միջամտել նաև Արևմուտքը, որին, բնականաբար, ձեռնտու չէ, որպեսզի Ղրիմը դուրս գա Ուկրաինայի կազմից և կցվի Ռուսաստանին, որովհետև դրանով Ռուսաստանն ամրապնդում է իր ռազմածովային ուժերը Սև ծովում»:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ուկրաինական դասերին, ապա, ըստ Արմեն Բադալյանի` խնդիրն էլ հենց այդ է, որ Ուկրաինայից Հայաստանի համար դասեր չկան: Նրա կարծիքով` Հայաստանը բոլոր գործոններով` քաղաքական, սոցիալ-տնտեսական, աշխարհագրական և այլն,180 աստիճանով տարբերվում է Ուկրաինայից:
«Դասերն այն կլինեն, որ Հայաստանի իշխանությունները փորձեն մի քիչ ավելի ժողովրդավար լինել և հաշվի առնել հասարակության կարծիքը, դա կլինի դասը, եթե տեղի ունենա: Եթե տեղի չունեցավ, Ուկրաինայի իրադարձությունները ոչ մի դաս չեն լինի Հայաստանի համար, ինչպես դաս չեղան Ղրղըզստանի երկու հեղափոխությունները, Արաբական գարունը և այլն»,- ասաց Ա. Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս