Վիկտոր Յանուկովիչը դիմել է Ուկրաինայի ժողովրդին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բավարարվել է Ռուսաստանի տարածքում իր անձնական անվտանգության ապահովման մասին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի խնդրանքը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի իշխանական շրջանակներում եղած աղբյուրը:
Նշվում է, որ Վիկտոր Յանուկովիչն այսօր դիմել է Ուկրաինայի ժողովրդին, որում հայտնել է, որ պաշտպանություն է խնդրել Ռուսաստանից: Յանուկովիչը հայտարարել է, որ նախկինի նման իրեն համարում է Ուկրաինայի նախագահ և Ռուսաստանին խնդրել է իր անվտանգությունն ապահովել երկիրը «զավթած ծայրահեղականների» գործողություններից:
Յանուկովիչն ընդգծել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած որոշումները լեգիտիմ չեն: Նա հայտարարել է, որ զինված ուժերին հրաման չի արձակել՝ միջամտելու համար երկրում առկա քաղաքական ճգնաժամի կարգավորմանը: Յանուկովիչի խոսքերով՝ իրեն ու իր համակիրներին սպառնացել են հաշվեհարդար տեսնել:
Նա կոչ է արել Ուկրաինայում տիրող իրավիճակը վերադարձնել իրավական հուն՝ ընդգծելով, որ նախկինի նման իրեն համարում է Ուկրաինայի նախագահը: Յանուկովիչն ուկրաինական ընդդիմությանը մեղադրել է երկրի քաղաքական ճգնաժամի կարգավորման շուրջ կնքված համաձայնագրի կետերը չկատարելու մեջ: Յանուկովիչն իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինայում նախարարներին ընտրում է «ամբոխը»: