Իրաքյան նավթը համաշխարհային շուկա փոխադրելու համար Թուրքիայում կառուցվելու է նոր տերմինալ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ իրաքյան նավթը համաշխարհային շուկաներ փոխադրելու համար Թուրքիայում կառուցվելու է նոր տերմինալ: Պլանավորված է, որ տերմինալը կառուցվելու է Ադանա նահանգի Յումուրթալըք շրջանում:
Տերմինալի կառուցումն իրականացնելու է թուրքական Starpet ընկերությունը, նախագիծը գնահատվում է 120 միլիոն դոլար: Յումուրթալըքի տերմինալն ունակ կլինի ամբարել 300.000 բարել նավթ:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն ավելի վաղ հայտարարել է, որ Իրաքի հյուսիսից Թուրքիա նավթի մատակարարման համար կառուցվելու է նոր նավթամուղ և տերմինալ: Նրա խոսքերով՝ Թուրքիան ստացված նավթը պահելու է ամբարներում, մինչև որ ստացվի Բաղդադի համապատասխան համաձայնությունը:
2014 թվականի հունվարի 3-ին Յըլդըզը հայտարարեց, որ Իրաքի քրդական ինքնավարությունը սկսել է նավթի մատակարարումները Թուրքիային, սակայն նավթն առանց Բաղդադի համաձայնության չի հասցվի եվրոպական շուկա:
Իրաքի կենտրոնական կառավարությունը սակայն չի բացառում, որ «քրդական նավթը» կարող է համաշխարհային շուկա հասցվել այլ երթուղիներով՝ «Իրաք-Սիրիա-Լիբանան» և «Իրաք-Հորդանան-Իսրայել»: