Մենք Ռուսաստանի «քթի տակից թռցրինք» Աջարիան ու Ջավախքը. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Արչևանի» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի հաղթանակը պատմական նշանակություն ունի ոչ միայն այդ երկրի, այլև՝ ողջ տարածաշրջանի և Վրաստանի համար.
«Ուկրաինական հեղափոխությունը ցրեց մի քանի կարծիք: Նախևառաջ փլուզվեց Ռուսաստանի ամենակարողության մասին լեգենդը: Վերջին տարիներին Պուտինն իր ուժերի սահմաններում արել է ամեն ինչ, որպեսզի կանգնեցնի Ուկրաինայի այդ հեղափոխությունը: Պուտինը պարտվեց Կիևում և առանց բացառության՝ մյուս շրջաններում:
Նա Յանուկովիչին տվեց 2 միլիարդ դոլար և «Մայդանը» ցրելու ցուցում: Այդ ամենը, սակայն, ձախողվեց: Ուկրաինայում ամրապնդվել է ազգային մտածելակերպը: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա այնտեղ առկա է ռուսական ռազմաբազա ու ռուսական զինվորական կոնտինգենտ, ինչի համար էլ ռուսները ներկայումս ցանկանում են այնտեղ ստեղծել նույն սցենարը, որը ժամանակին կիրառեցին Աբխազիայում ու Ցխինվալիում:
Մենք Ռուսաստանի «քթի տակից թռցրինք» Աջարիան ու Ջավախքը: Թե՛ Աջարիայում, թե՛ Ջավախքում կային ռուսական ռազմաբազաներ: Եթե չլիներ «Վարդերի հեղափոխությունը» և մեր իրականացրած բարեփոխումները, Ռուսաստանն այսօր Աջարիան նույնպես կհայտարարեր անկախ, իսկ Ջավախքն իր հերթին կառանձնանար (կանջատվեր): Մենք չհասցրինք Աբխազիայի ու Ցխինվալի պարագայում, քանի որ Ռուսաստանը հիմնական գործն արել էր 1990-ական թվականներին»:
Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե ներկայումս «կոտրեն ուկրաինացիների պարանոցը», ապա Վրաստանը չի ունենա ապագա: